Նորություններ

Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ձեր իշխանության օրոք է եղել. Արայիկ Հարությունյանը՝ Բրյուսելում իր հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդներին

Բրյուսելում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին բողոքի ակցիայով են դիմավորել։ ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ներկայացուցիչները տեսանյութ են հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են երիտասարդ դաշնակցականները նախարար Հարությունյանին հրաժարականի պահանջ ներկայացնում ու քննադատում նրա վարած քաղաքականությունը։

Ուշագրավ երկխոսություն է ծավալվում երիտասարդների եւ նախարարի միջեւ։ Տեսանյութում երիտասարդները, դիմելով նախարարին, նշում են, որ, ներսի եւ դրսի Դաշնակցություն չկա, ինչին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն արձագանքում է, թե բա ինչի՞ եք այսքան քիչ։ «Դեմ ենք Ձեր ապազգային հայտարարությանը»,-ասում են երիտասարդները, ինչին արձագանքելով նախարարը հետաքրքրվում է, թե ո՞րն է այն։ «Դաշնակցությունը հայտարարել է, վերադառնաք Երեւան՝ ծանոթացեք»,- խորհուրդ տվեցին երիտասարդները։

Այնուհետեւ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս պատասխան մեղադրանքով. «Գիտեմ ձեր հայաստանցի գործընկերների ապազգային քաղաքականության մասին։ «Մարտի 1»-ը ձե՞ր իշխանության օրոք է եղել, եղե՛լ է, «Հոկտեմբերի 27»-ը եղել է ձեր իշխանության օրոք»։ Ապա Արայիկ Հարությունյանը նաեւ հայտարարում է՝ «ամենամեծ կոռուպցիան կրթական համակարգում եղել է ձեր նախարարի օրոք», իսկ երիտասարդներն արձագանքում են, թե փաստեր չունեք։ Ապա «Արայիկ, հեռացիր, Արայիկ, հեռացիր» բացականչությունների ներքո ԿԳՄՍ նախարարը նստում է մեքենան ու հեռանում՝ հայտարարելով, որ երիտասարդները ապատեղեկացված են։

ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջում նաեւ հետեւյալ բովանդակությամբ գրառում կա, որը հավանաբար, արվել է մինչեւ նախարարի հետ հանդիպումը. «Բրյուսելում դիմավորեցինք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ու իրեն մեր խոսքը փոխանցեցինք։ Բայց այս ամենի մեջ ուշադրության է արժանի մի դրվագ։ Պարոն նախարարին սպասարկող ավտոմեքենայի վարորդը մեզ տեսնելուց և հեռախոսազանգ կատարելուց հետո մեքենան տեղափոխեց հյուրանոցի երկրորդ մուտքի մոտ։ Այնուհետև, երբ մենք հասանք նաև մյուս մուտքի մոտ, ավտոմեքենան վերադարձավ առաջին մուտքի մոտ։

Ցավում ենք, որ պարոն նախարարը նման էժանագին և նախարարին անհարիր վարքագծով խուսափում է զրուցել իր հայրենակիցների հետ և քննադատություն լսել»։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը իր հրաժարականը պահանջող եւ ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ անժամկետ նստացույց հայտարարած ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպմանը Դաշնակցության հայաստանյան կառույցին «անդաստիարակ» էր անվանել։ «Նախ` ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորվում է դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։ Դաշնակցությունը, հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո, այլ կեցվածք պետք է դրսևորեր և հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից և փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությունը»,-հայտարարել էր նա։ Նախարարը նաեւ խոստացել էր իր համար նախարարության շենքի առջեւ դրված արկղերը լցնել ՀՅԴ-ական նախարարների օրոք տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով եւ հետ ուղարկել։

Հիշեցնենք, նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով մեկնել էր Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը:

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close