Նորություններ

«Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ, կներկայացնեմ` ինչ է կատարվել և ինչ է լինելու». Արթուր Վանեցյան. 168.am

-Պարոն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:

-Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:

-Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:

-Կարծում եմ՝ այո:

-Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:

-Ոչ, նման խնդիր չի դրվել:

-Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:

-Այո, սպասելի էր:

-Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:

-Չեմ պատասխանի այդ հարցին:

-Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:

-Չեմ պատասխանի այդ հարցին:

-Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարոն Վանեցյան:

-Կարծում եմ՝ այո:

-Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:

-Չեմ պատասխանի այդ հարցին:

-Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է:

-Եթե կարճ պատասխանենք՝ այո:

-Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, պարոն Վանեցյան:

-Կարծում եմ՝ այո:

-Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցությունները ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:

-Այո:

-Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

-Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:

-Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:

-Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

-Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը:

– Չեմ պատասխանի այդ հարցին:

-Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:

-Կարծում եմ:

-Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:

-Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու:

-Ի՞նչ պլաններ ունեք, պարոն Վանեցյան: Շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:

-Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:

-Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն:

-Ինչի՞ համար:

168.am

Ավելին
Back to top button
Close