Նորություններ

«Մուլտի Գրուպ»-ը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից. օտարերկրյա ներդրողներ. Pastinfo

Եթե Հայաստանն ակնկալում է օտարերկրյա ներդրողներ ներգրավել, ապա պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ նրանց հետ հարաբերությունները օրենսդրության շրջանակներում կարգավորելու ուղղությամբ: Դատարանները չպետք է արհեստականորեն ձգձգեն գործերի քննումը, իսկ որոշում կայացնելիս պետք է ղեկավարվեն օրենքի տառով և ոգով: Նման հայտարարությամբ են հանդես եկել «Իստինվեստոր» ՍՊԸ օտարերկրացի տնօրենները՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեղադրելով իրենց սեփականության իրավունքները խախտելու մեջ։

Տնօրեններ Ա. Հինզմանի եւ Ա. Գեյգերի ստորագրությամբ տարածված նամակում ասվում է.

«Թեև հայկական կառավարության պաշտոնյաներն ու անձամբ պարոն Ծառուկյանը երկրի առաջնայնությունների շարքում բազմիցս մատնանշել են օտարերկրյա ներդրողների համար իրավական տեսանկյունից արդար և բարենպաստ միջավայրի ստեղծումը, «Իստինվեստոր»-ի հետ տեղի ունեցածն ու նմանօրինակ դեպքերը, հակառակը, վանում են ներդրողներին, նրանց զրկելով երկրի դրական ներդրումային ներուժը դիտարկելու ցանկությունից:

Ստորև համառոտ ձևով ներկայացնում ենք հիմնախնդրի նախապատմությունը:

«Իստինվեստոր»-ը ներդրումային հիմնադրամ է, որը 2006 թվականից ի վեր ներդրումներ է իրականացնում զարգացող երկրներում: Հայաստանում «Իստինվեստոր»-ը 5 մլն եվրո ընդհանուր գումարը գերազանցող ներդրումներ է կատարել «Զարգացման հայկական բանկ», «Մաքուր երկաթի գործարան» և այլ ընկերություններում:

2006 թվականի մայիսին «Իստինվեստոր»-ը ձեռք է բերել «Արարատ» ԿԳՕԿ 1.520 բաժնետոմսեր, որոնք կազմում էին կոմբինատի կանոնադրական կապիտալի 3,2%-ը: Մնացած բաժնետոմսերից մոտ 82%-ը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին, 10%-ը «Մուլտի Գրուպ»-ին, իսկ մոտ 7%-ը այլ բաժնետերերին՝ ընդամենը թվով 124 բաժնետեր:

2008 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած բաժնետերերի արտահերթ ժողովին որոշում է կայացվել համախմբել (կոնսոլիդացնել) «Արարատ» ԿԳՕԿ-ի բաժնետոմսերը, 47,270 հատ բաժնետոմսերը համախմբելով 20 բաժնետոմսերի:

Բաժնետոմսերի նշված համախմբման արդյունքում «Իստինվեստոր»-ի և մյուս մանր բաժնետերերի մոտ առաջացան կոտորակային (ոչ ամբողջական) բաժնետոմսեր, որոնք նրանք պետք է հետ վաճառեին խոշոր բաժնետերերին՝ «Մուլտի Գրուպ»-ին և Գագիկ Ծառուկյանին, քանի որ մեր մոտ չէր ձևավորվել նույնիսկ մեկ ամբողջ բաժնետոմս:

«Արարատ» ԿԳՕԿ-ի հատուկ ժողովի ժամանակ մշակվեց և հաստատվեց նշված կոտորակային բաժնետոմսերի վաճառքի բանաձևը: Ըստ այդ
բանաձևի, կոմբինատի իրեն պատկանող 1.520 բաժնետոմսերի դիմաց (կանոնադրական կապիտալի 3,2%) «Իստինվեստոր»-ը պետք է ստանար 14.791.623 ՀՀ դրամի չափով փոխհատուցում, ինչը կնշանակեր, որ “Արարատ” ԿԳՕԿ-ի ընդհանուր արժեքը կազմում է 470.000.000 ՀՀ դրամ (մոտ 870.000 եվրո): Այսինքն` Երևանի կենտրոնում տեղակայված, մեկ դարի պատմություն ունեցող խոշոր գործարանն իր արտադրական հզորություններով, սարքավորմամբ, կոնյակի զգալի պաշարներով, ինչպես նաև իր շենքշինություններով հանդերձ գնահատվում էր 1 մլն
Եվրոյից պակաս՝ Երևանի կենտրոնում գտնվող առանձնատան գնի չափով:

«Արարատ» ԿԳՕԿ մեկ ամբողջական բաժնետոմսի արժեքը սահմանվել էր 69 եվրո, մինչդեռ՝ ըստ մի շարք գնահատականների, կոմբինատի արժեքը գնահատվել է 100-300 մլն եվրոյի սահմաններում, ինչը նշանակում է, որ “Իստինվեստոր”-ը կրել է նվազագույնը 3 մլն եվրոյի վնաս:

Կանոնադրական կապիտալի 3,2%-ը կազմող կոտորակային բաժնետոմսերի վաճառքի դիմաց փոխհատուցման գումարը սահմանվել էր 27.467 եվրո,
և «Իստինվեստոր»-ը հրաժարվեց իր բաժնետոմսերը վաճառել հատը 69 եվրոյի դիմաց, այսինքն իրական շուկայական արժեքի 2%-ից էլ ցածր գումարով։

Այս քայլով «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից, միաժամանակ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը:

Դատական երկարատև գործընթացների արդյունքում «Իստինվեստոր»-ն այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել ՀՀ դատարաններում և արդարացի փոխհատուցում ստանալ իրեն հասցված վնասների դիմաց: Եվ դա հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ՝ ՀՀ օրենսդրության համաձայն,փոխհատուցումը պետք է հաշվարկվեր բաժնետոմսերի շուկայական արժեքի հիման վրա, ինչն անհամեմատ ավելի մեծ գումար է կազմում:

Այս պարագայում մեր ընկերությունը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Համապատասխան նամակ-դիմումներ արդեն իսկ մեր կողմից ներկայացվել են նաև ՀՀ մի շարք իրավասու մարմիններին: Վստահ ենք, որ արդարությունը կվերականգնվի:

Վերջին 10 տարիների ընթացքում այս խնդրի մասին լայնորեն տեղեկացել են եվրոպական մեր հաճախորդներն ու գործընկերները, որոնց համար այժմ արդեն, թերևս, անհնարին կլինի Հայաստանը իբրև ներդրումների համար գրավիչ երկիր դիտարկելը: Առնվազն այնքան ժամանակ, մինչդեռ կշարունակվեն նմանօրինակ խաբեությունն ու խարդախությունը: Եթե Հայաստանն ակնկալում է օտարերկրյա ներդրողներ ներգրավել, ապա պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ նրանց հետ հարաբերությունները օրենսդրության շրջանակներում կարգավորելու ուղղությամբ:

Դատարանները չպետք է արհեստականորեն ձգձգեն գործերի քննումը, իսկ որոշում կայացնելիս պետք է ղեկավարվեն օրենքի տառով և ոգով: Մանր բաժնետերերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Ներդրողները չպետք է զրկվեն օրինական կերպով ձեռք բերված գույքից և ակտիվներից: Հայաստանին հաջողվել է շատ բան փոխել վերջին ամիսների ընթացքում: Իսկ մենք դեռ սպասում ենք»:

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close