ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի բնակչության էթնիկ և կրոնական կազմի մասին զեկույց է հրապարակել

Թուրքիայում գործող «KONDA» հետազոտական ընկերությունը երկրի բնակչության էթնիկ և կրոնական կազմի վերաբերյալ զեկույց է հրապարակել։ Հետազոտությունն արվել է 36 նահանգների 391 շրջաններում: Ամփոփվել են 5․739 բնակչի հետ անցկացված սոցհարցումների  արդյունքները։ Ըստ այդմ՝ հարցվածների 76 տոկոսը ներկայացել է որպես թուրք։

Հարցման մասնակիցների 16 տոկոսը «Ձեզ ո՞ր ազգի ներկայացուցիչ եք զգում» հարցին պատասխանել է՝ «քուրդ եմ»։ Հաշվի առնելով, որ 2018թ․ Թուրքիայի բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 82 միլիոն, իրենց քուրդ համարողների թիվը երկրում, փաստորեն, ավելի քան 13 միլիոն է։ Նույն հաշվարկների համաձայն՝ իրենց թուրք համարողների թիվը գերազանցում է 62 միլիոնը։

Հարցվածների 3 տոկոսը ներկայացել է որպես արաբ, (ինչը համապատասխանում է բնակչության շուրջ 2․5 միլիոնին), 2 տոկոսը (1․5 միլիոն)՝ զազա։ Եվս 3 տոկոսը ներկայացել է որպես այլ՝ տարբեր ազգերի ներկայացուցիչ։ Դա կարող է համապատասխանել Թուրքիայի բնակչության շուրջ 2․5 միլիոնանոց հատվածին։

Կրոնական պատկանելիության վերաբերյալ տրված հարցին պատասխանած տղամարդկանց 71, իսկ կանանց 74 տոկոսը պատասխանել է, որ իրեն համարում է սուննի իսլամի հանաֆիական ուղղության ներկայացուցիչ։

Միջին հաշվարկներով Թուրքիայի 82 միլիոն բնակչությունից 60 միլիոնը վերոհիշյալ դավանանքի հետևորդներն են։ Իսկ հարցվածների 13 տոկոսը ներկայացել է որպես սուննի իսլամի շաֆիական ուղղության հետևորդ։ Նմանատիպ հաշվարկների համաձայն՝ այս դավանանքի ներկայացուցիչների թիվը Թուրքիայում կազմում է շուրջ 11 միլիոն։

Իրեն ալևի է համարել հարցման մասնակիցների 5 տոկոսը, ինչը համապատասխանում է 4 մլն բնակչությանը։ Եվս 4 տոկոսը իրեն համարել է իսլամի այլ ուղղությունների հետևորդ։ Եվ միայն 1 տոկոսից պակաս մասնակիցներն են ներկայացել որպես ոչ մուսուլման։

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close