Նորություններ

Պատմամշակութային «մաստեր-կլաս» և վնասակար սովորույթներից հրաժարվելու հորդոր-նախագիծ Արցախի ՊԲ զինծառայողների համար

2019թ.-ի նոյեմբերի 15-17-ը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում Արցախի Հանրապետության ՊԲ զորամասեր այցելություններ կատարվեցին: ՀՀ ՊՆ կից հասարակական խորհրդի անդամները և գիտակրթական ու մշակութային տարբեր օջախներ ներկայացնող հայտնի մասնագետները եղան Արցախի տարբեր զորամասերում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելիքյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, արվեստի վաստակավոր գործիչներ Ռուբեն Բաբայանը, Մհեր Նավոյանը, պատմական ու բանասիրական գիտությունների շուրջ երկու տասնյակ գիտաշխատողներ և արվեստագետներ թեմատիկ դասախոսություններով հանդես եկան զինվորական անձնակազմերի առջև: «5-րդ դարի հաղթական ճակատամարտերը», «Հայոց պետականության ակունքներում», «Բանակը մեր կյանքում», «Հայ ժողովրդի ծագումնաբանության հիմնահարցերը» և այլ թեմաներ առավել ընկալելի դարձան Արցախում ծառայող երիտասարդ հայորդիների համար:

Տեղի ունեցան անմիջական շփումներ. գիտաշխատողներն ու արվեստագետները նաև պատասխանեցին զինծառայողների հարցերին: Վերջիններիս հետաքրքրում էին տարբեր թեմաներ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացներին, պատմական վիճելի հարցերին և ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրների մեկնաբանություններ:

«Պատմության և մշակույթի էջեր» ծրագիրը նպատակ է հետապնդում նպաստելու ՀՀ ԶՈՒ անձնակազմի հայրենասիրական և հոգևոր դաստիարակությանը, սերտ կապեր ստեղծելու բանակի ու մտավորականության միջև:

ՀՀ ՊՆ կից հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը, խորհրդի անդամներ Հակոբ Թադևոսյանը, Էդուարդ Մանևիդիսը, Էդուարդ Մխիթարյանը զորամասերում հանդիպումներ ունեցան զինվորների և սպայական կազմի ներկայացուցիչների հետ: ՀԽ անդամները նորակոչիկների շրջանում նաև հարցումներ անցկացրին. վերջիններս 17 կետից բաղկացած հարցաթերթ լրացրին՝ պատասխանելով ծխախոտից կախվածության ժամանակաշրջանին և աստիճանին, այդ վնասակար սովորույթից հրաժարվելու հնարավորությանը վերաբերող հարցերին:

Ինչպես նշեց ՀՀ ՊՆ կից հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը, ավելի վաղ կատարված այցերի ընթացքում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ զորակոչային տարիքի տղաների մեծամասնությունը ծխող է, և դա շատ անհանգստացնող փաստ է: Գեղամ Հարությունյանը զինծառայողներին հորդորեց հրաժարվել այդ վնասակար սովորույթից՝ նշելով, որ այստեղ անելիք ունի ոչ միայն ընտանիքը, այլև դպրոցն ու հասարակությունը:

Հասարակական խորհրդի անդամները շրջայց կատարեցին նաև զորամասերի զորանոցներում, ճաշարաններում, տարբեր այլ ենթակառույցներում, ծանոթացան նոր շինությունների կառուցման, բարեկարգման և զինծառայողների սննդի կազմակերպման աշխատանքներին, զորամասերի տարածքում գործող խանութներում առևտրի կազմակերպմանն ու վաճառվող ապրանքների գներին:

«Պատմության և մշակույթի էջեր» ծրագիրը շարունակական է. Արցախի Հանրապետության ՊԲ զորամասեր ևս մեկ շրջայց կլինի 2019թ.-ի դեկտեմբերին:

Back to top button