Նորություններ

Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը. վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը, որին մասնակցել են  Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին, ՀԱԱՊ-ի  տնօրենների խորհուրդը և ավելի քան 100 անդամներ, ինչպես նաև ՀՀ կառավարության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանում իրականացված քաղաքական հեղափոխությունից հետո իր գլխավորած կառավարությունը  գործունեության առաջին օրերից հռչակել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը ու հավելել, որ  այդ ճանապարհով գնալու համար առանձնացվել է երեք հիմնական ուղղություն:

«Առաջինը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը՝ մենաշնորհների վերացումը, երրորդը` ստվերային տնտեսության դեմ պայքարը: Մեր առաջին շերտի գործողություններն ուղղված են եղել հենց սրան: Այս մոտեցումն արդարացրել է իրեն և ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև այս տարի մենք սպասում ենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ: Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ, որոնց հիմնական մասը վերաբերվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականին:  Իհարկե մենք հասկանում ենք, որ այս երեք գործիքներն ունեն որոշակի պոտենցիալ և այն հավերժ չէ: Նկատի ունեմ ստվերի դեմ պայքարը, կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհի դեմ պայքարը. դրանք, բնականաբար, պետք է լինեն շարունակական գործողություն, բայց իրենք իրենցով տնտեսական աճը, աշխուժությունը  խթանելու մի պաշար ունեն և այդ պաշարն ինչ-որ մի պահի պետք է սպառվի»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը  և ներդրումները խթանելու ուղղությամբ:

Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը 2020 թվական մուտք է գործում նոր՝ հավելյալ գործիքակազմով, որի մեջ գործադիրի ղեկավարն առանձնացրել է հատկապես Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք իրենց  ամենատեսանելի հատվածներով արտահայտում են կառավարության պատկերացումը Հայաստանի տնտեսության ապագայի և զարգացման ուղղությունների վերաբերյալ:

«Դրանցից առաջինը համահարթ եկամտահարկի ներդրումն է, որը որոշակի քննադատությունների է արժանանում, բայց այդ քննադատությունը գաղափարական բնույթի է: Եվ ուզում եմ ասել, որ օրենսդրական փոփոխությունն արտահայտում է տնտեսության զարգացման ուղղությունների մասին մեր պատկերացումը ու մենք ցանկանում ենք խթանել այն ուղղությունները, որոնց  կարելի է անվանել բարձր աշխատավարձով տնտեսության ոլորտներ:

Մենք գիտենք, որ բարձր աշխատավարձերի համար էականորեն իջեցվում է եկամտային հարկը և այդ ուղղությունը շարունակելու ենք: Հունվարի 1-ից ներդրվելու է 23 տոկոս համահարթ եկամտահարկ  և այդ պրոցեսը կշարունակվի: Առաջիկա տարիներին մենք կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Որոշակի իջեցում է նախատեսվում նաև շահութահարկի գծով: Եվ որ նույնպես կարևոր է, մենք միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից:

Սա ցույց է տալիս մեր գործունեության երկու հիմնական ուղղություն. առաջինը՝ խթանել տեխնոլոգիական ոլորտի ներդրումները ՀՀ-ում և այդ ուղղությամբ երկրի գրավչությունը բարձրացնել: Զուգահեռ նաև գործում է ստարտափերի մասին հայտնի օրենքը, որի պայմանները մենք բարելավել ենք: Մյուս կողմից որպես աղքատության հաղթահարման գործիք՝ միկրոբիզնեսն ընդհանրապես ազատում ենք հարկերից, որովհետև  մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը, որ աղքատության հաղթահարման այլ ճանապարհ, քան աշխատանքն է՝ գոյություն չունի: Հետևաբար, եթե մենք որևէ քաղաքացու ուզում ենք օգնել աղքատության հաղթահարման գործում՝  պետք է աշխատատեղեր ստեղծենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունն այս ուղղությամբ որոշակի ծրագրեր է իրականացնում և սոցիալական բլոկի քաղաքականությունը նույնպես միտված է աշխատանքի խրախուսմանը: Նիկոլ Փաշինյանն ավելորդ չի համարել հիշատակել  ԱԱՀ դեբետների վերադարձման մասին օրենքի նախագիծը, որն արդեն ընդունված է և պրոցեսը սկսվել է: Կառավարությունը պատրաստվում է ԱԱՀ 45-56 մլրդ պարտք  վերադարձնել տնտեսավարողներին:

«Ըստ որում, խոսքը ժամկետանց պարտքերի մասին է, բայց ԱԱՀ վերադարձի ցուցանիշը 2017թ.-ի համեմատ 2019-ի 10 ամիսների կտրվածքով արդեն  կրկնապատկել ենք: Այսինքն, եթե 2017 թ. կտրվածքով վերադարձվել է 54 մլրդ դրամի ԱԱՀ, ապա այս տարվա 10 ամիսների կտրվածքով վերադարձվել է մոտ 114 մլրդ դրամ: Սրանք այն գումարներն են, որոնք անարդարացիորեն կամ օրենսդրական կարգավորումների բերումով, դուրս էին գրվել տնտեսական շրջանառությունից: Եվ հիմա մենք այդ գումարները վերադարձնում ենք տնտեսությանը՝ հույս ունենալով, որ դրանք կվերաներդրվեն տնտեսության մեջ: Իհարկե, այստեղ մենք ռեպրեսիվ կամ վարչական լծակներ չունենք, որպեսզի պարտադրենք ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում: Բայց մենք այս կոչը հղել ենք ԱԱՀ դեբետի մնացորդները հետ ստացող ընկերություններին՝ կոչ անելով, որ ըստ էության իրենց ընկալումներով դրանք կորսված գումարներ էին և ոչ ոք լուրջ չեր կարող վերաբերվել, որ դրանք կարող էր հետ ստանալ: Եվ ահա մենք կոչ ենք անում, որպեսզի դրանք վերաներդրվեն Հայաստանի Հանրապետությում: Իհարկե, կլինեն ընկերություններ, որ այս կոչին կարձագանքեն և բոլոր այդ ընկերություններին մենք կընկալենք որպես գործընկեր ու կողջունենք այդ գործընկերային վարվելակերպը»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ-ում առկա ներդրումային միջավայրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չի կարող ասել, թե կառավարությունը հասել է իդեալական վիճակի և ավելացրել, որ այս ոլորտում ունենք հայտնի և լատենտ խնդիրներ, որոնք գտնվում են գործադիրի ուշադրության կենտրոնում:

Վարչապետի խոսքով՝ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարևոր գործոններից և կամ այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի չզարգացած լինելն է: «Սա խնդիրներ է ստեղծում և՛ ընկերությունների, և՛ քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն իրենց հնարավորությունները ներդնելու այլընտրանք չեն ունենում, բացի բանկային համակարգը, իսկ ընկերությունները նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում կրկին բացի բանկային համակարգը: Ցավոք, մենք չենք կարող պարծենալ, որ մեր բանկային  համակարգում տոկոսները շատ ցածր են, բայց պետք է արձանագրենք, որ բանկային համակարգում տոկոսադրույքների նվազման հստակ գործընթաց է տեղի ունենում: Պետք է նաև գոհունակությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կան ընկերություններ, որոնք չեն սպասում արժեթղթերի շուկայի զարգացմանը և իրենք արդեն նախաձեռնություն են ցուցաբերում, արժեթղթեր են թողարկում և հնարավորություն են ունենում ու օգնում են խթանել այս դաշտի առավել զարգացումը»,- ասել է վարչապետը:

Խոսելով օտարերկրյա ներդրումների մասին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այստեղ էլ ունենք խնդիրներ և իրավիճակը գնահատելու կոնկրետ չափանիշ: «Առկա է մի գործիք, որը հասանելի է տնտեսական գործունեությամբ զբաղվող միջազգային հանրությանը: Ես նկատի ունեմ եվրոբոնդերի թողարկումը, որն առանձնահատուկ էր նրանով, որ Հայաստանի համար ռեկորդային ցածր տոկոսադրույքով տեղաբաշխվեց և Հայաստանի համար ռեկորդային բարձր պահանջարկ ուներ: Մենք մտադիր ենք վերաֆինանսավորել 500 մլն դոլարի պարտքը, բայց պահանջարկը շուկայում գերազանցում էր 2 մլրդ դոլարը: Եվ այստեղ մենք գալիս և հանգում ենք մեր հաջորդ տնտեսական զարգացման համար ամենակարևոր խնդիրներից մեկի լուծմանը: Խոսքը պետության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի մասին է: Գիտեք, որ Հայաստանում  կապիտալ ծախսերի իրականացումը միշտ ուղեկցվել է տարբեր կարգի ինստիտուցիոնալ խնդիրներով: 2018 թ. իրադարձություններից հետո այդ խնդիրը խտացել է ևս մի բաղադրիչով. դա կոռուպցիայի դեմ պայքարի բաղադրիչն է, ինչը մեզ թույլ չի տվել, որպեսզի մենք կապիտալ ծախսերի մասով կատարենք կամ գերակատարենք մեր ծրագրերը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը խիստ է անցկացվող մրցույթների նկատմանբ և ամեն ինչ անում է, որպեսզի նախկինում եղած վատ ավանդույթները կրկնվեն:

«Ի՞նչ կապ ունի սա եվրոբոնդերի հետ. մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար: Այս առումով, կարևոր է կողմնորոշվել այդ նախագծերի հարցում, ճշգրիտ որոշումներ կայացնել, թե ինչպիսի նախագծերն առավելագույնը կխթանեն երկրի տնտեսությունը: Մենք տեսնում ենք նաև, որ ունենք բավականին մատչելի, այդ մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ, ինչը նոր եվրոբոնդերի հնարավոր թողարկումն է: Այդ հարցն իհարկե պետք է քննարկել և կողմնորոշվել կոնկրետ նախագծերի իրականացման ուղղությամբ:

Իհարկե լավ լուր է նաև այն, որ  կառավարությունը Հայաստանի ներքին շուկայից նույնպես միջոցներ ներգրավվելու մեծ հնարավորություններ ունի և ներքին ռեսուրսները նույնպես կարող են կիրառվել այս նպատակի իրագործման համար:

Ամենակարևորն այն է, որ Հայաստանում առկա է, շարունակում է պահպանվել բարձր տնտեսական տրամադրությունը, որը մեզ հույս է տալիս, որ մենք 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի մեր տեմպերը: Այս առումով, ուզում եմ արձանագրել, որ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունները վերագնահատել են մեր երկրի առաջիկա տարիների տնտեսական աճի կանխատեսումները և բոլորն աճը գնահատել են ավելի բարձր, քան նախկինում: Մեզ մնում է այս ֆոնին լուծել  օրենսդրական, կառուցակարգային, կառավարության արձագանքների արագության և արդյունավետության խնդիրները: Կարող ենք արձանագրել, որ այն դաշտը, որի վրա պետք է կառուցվի նոր տնտեսական հարաբերությունը՝ պատրաստ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամ բոլոր այն ընկերություններին, գործարարներին, որոնք մեր երկրում  արդյունք են ստեղծում, հարկեր են վճարում և նպաստում Հայաստանի տնտեսական զարգացմանը:

«Առաջին օրերից մեր կառավարության խնդիրներից մեկն է եղել գործարար հասկացության կերպարը, ընկալումը, իմիջը փոխելը: Եվ կարծում եմ՝ այդ առումով նույնպես ՀՀ-ում էական փոփոխություններ կան և գործարարն ամեն օրվա հետ նոր իմիջ, նոր համարում է ձեռք բերում, մանավանդ այն համատեքստում, երբ տեսնում ենք, որ պետական բյուջեի եկամուտներն աճում են: Դրանք աճում են այն բանի շնորհիվ, որ կառավարությունը պայքարում է ստվերի դեմ, տնտեսությունը խթանող որոշակի գործիքներ է կիրառում: Բայց անկախ ամեն ինչից, այդ հարկերը հավաքվում են առաջին հերթին նրա արդյունքում, որ կան ընկերություններ, գործարարներ, մարդիկ, ովքեր ստեղծում են ավելացված արժեք և օրենքի առաջ հստակ, պարտաճանաչ կատարում են իրենց պարտականությունը:

Կարևոր է, որ մեր հանրությունն այս պատճառահետևանքային կապը վիզուալ տեսնի, դա է այն ճանապարը, որ մեր երկրում գործարարի իմիջը կփոխվի, որովհետև առանց գործարարության խթանման, առանց բիզնեսի նկատմամբ նոր վերաբերմունքի՝ այն, ինչ ուզում ենք անել՝ հնարավոր չի լինի իրականացնել: Մանավանդ, որ անցել են այն ժամանակները, երբ տնտեսությունը կառուցվում էր մարդկանց այս կամ այն իրավունքների շահագործման վրա: Ժամանակակից, ամենազարգացած ընկերությունները նրանք են, ովքեր սոցիալական  պատասախանատվության երբեմն աննկարագրելի չափաբաժին են ներդնում իրենց գործունեության մեջ»,- նկատել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է ՀԱԱՊ-ի գործարար համայնքին հետաքրքրող տնտեսությանը, կրթությանը, գիտությանը, առողջապահությանը, զբոսաշրջությանը, հարկային վարչարարությանն ու բարեփոխումներին վերաբերող հարցերին։

Ավելին
Back to top button
Close