Նորություններ

Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հետևել է նոյեմբերի 13-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած մարզմանը, որի ավարտից հետո հանդիպել ազգային հավաքականի ֆուտբոլիստների և մարզիչների հետ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Համոզված եմ, որ այս թիմով, այս թիմային աշխատանքով ունենալու ենք մեծ հաջողություններ: Հավաքականում որևէ խնդիր չկա, և ես համոզված եմ, որ դուք կարողանալու եք լրացնել ձեր բացերն ու խաղալ արժանապատիվ ֆուտբոլ»,- հանդիպման ընթացքում ասել է Վանեցյանը:

«Ամեն ինչ կանենք, որպեսզի պատվով դուրս գանք այս իրավիճակից: 1 վայրկյան չեմ կասկածում մեր խոսքերին:

Առաջիկա խաղերին մոտենում ենք կորուստներով, սակայն սա ֆուտբոլ է, իսկ այս մարզաձևում վնասվածքներից անհնար է խուսափել: Սա լավ հնարավորություն է այն ֆուտբոլիստների համար, որոնք հավաքական են հրավիրվել վնասվածք ունեցող խաղացողների փոխարեն»,- հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։

Ավելին
Back to top button
Close