Վենետիկը հեղեղվել է ջրով. քաղաքապետը մեղադրում է փոփոխված կլիմային
Վենետիկը գրեթե ամբողջությամբ հեղեղվել է. ջրի մակարդակը հասել է 1,87 մետրի: Դա կապված է տեւական հորդառատ անձրեւների հետ:
1923թ.-ից սկսած, երբ սկսվեցին այս տարածաշրջանում ջրի մակարդակի պարբերական դիտարկումները, նման իրավիճակ է եղել միայն մեկ անգամ՝ 1966թ.-ին, երբ ջրի մակարդակը հասել էր 1,94 մետրի:
Քաղաքի բնակիչները եւ զբոսաշրջիկները փողոցներով քայլում են ռետինե ճտքակոշիկներով: Որոշ զբոսավայրեր հեղեղված են եւ փակ են այցելությունների համար: 2 մարդ զոհվել է:
Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրուգնարոն հայտարարել է, որ պատրաստ է քաղաքում արտակարգ իրավիճակ հայտարարել:
«Վիճակը դրամատիկ է, մենք կառավարությունից օգնություն ենք ակնկալում: Մենք բարձր գին կվճարենք, այս ամենը կլիմայի փոփոխության հետեւանք է»,-նշել է քաղաքապետը:
Քաղաքի որոշ շրջաններում առեւտուրը դադարեցված է, փակ են խանութները, ռեստորաններն ու սրճարանները:






Աղբյուր՝ BBC