ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հայտնի մաֆիոզների եւ գանգստերների կանայք. համեստ, բարեպաշտ տիկնայք ու կրքոտ հանցակիցները

Հանցավոր աշխարհի ներկայացուցիչների կյանքը լի է արկածներով, փողով… նաեւ սիրով: Ովքե՞ր են այն կանայք, ովքեր ուղեկցել են հայտնի մաֆիոզներին եւ գանգստերներին:

Մեյ Ջոզեֆինա Կաֆլին (1897–1986 թ.թ.), Ալ Կապոնեի կինը

Իտալական ծագում ունեցող ամերիկացի գանգստերն ամուսնացել է իրենից 2 տարով մեծ աղջկա հետ: Հարսանիքը տեղի է ունեցել նրանց որդու՝ Ալբերտի ծնվելուց 3 շաբաթ անց: Փոքրիկն ի ծնե վարակված էր սիֆիլիսով, այդ պատճառով ամբողջ կյանքում նա մասամբ խուլ մնաց: Իռլանդացի կաթոլիկուհին որդու հիվանդության մեջ մեղավոր չէր, սակայն ամուսնուն եւս չէր մեղադրում:

Նա սիրում էր Ալֆոնսեին եւ հավատարիմ մնաց նրան ամբողջ կյանքի ընթացքում՝ անկախ ամուսնու անօրինական գործունեությունից (հասարակաց տների վերահսկողություն, ալկոհոլային եւ խաղային բիզնես): Մեյ Ջոզեֆինան ամբողջ կյանքում աջակցել է ամուսնուն:  Լեգենդար մաֆիոզը թոքաբորբից մահացել է 48 տարեկանում՝ հոգատար ընտանիքի շրջապատում: Իսկ նրա հավատարիմ զուգընկերուհին ապրեց եւս 40 տարի՝ դաստիարակելով 4 թոռներին:

Մարիա Վիկտորիա Էնաո Վալեխո ( 1961 թ. ծնված), Պաբլո Էսկոբարի կինը

Կոլումբացի նարկոբարոնն իր «բիզնեսը» վերածեց միլիարդների հասնող հսկայական կարողության եւ դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: 27 տարեկանում նա ամուսնացավ իր ընկերուհիներից մեկի՝ 15-ամյա Մարիայի հետ, ով այդ ժամանակ արդեն հղի էր: Պաբլոն ամեն գնով պաշտպանում էր իր ընտանիքին սպառնալիքներից եւ բռնությունից: Նա հայտնի արտահայտության հեղինակ է. «Այս կյանքում ես կարող եմ ցանկացած բանի փոխարինող գտնել, բայց կնոջս ու երեխաներիս՝ երբեք»:

Մարիան Պաբլոյի հանդեպ անսահման սեր էր տածում եւ ներում էր նրան բազմաթիվ սիրուհիներ պահելու համար: Պաբլոյի մահից հետո ընտանիքը հիշում էր ոչ թե նրա կողմից սպանված մարդկանց թիվը, այլ այն դեպքը, երբ լեռներում թաքնված դստերը եւ որդուն տաքացնելու համար նա խարույկի վրա այրեց 2 մլն. դոլարը: Հենց ընտանիքի հետ կապվածությունն էլ դարձավ «կոկաինի արքայի» մահվան պատճառը. 44 տարեկանում նա սպանվեց ոստիկանների կողմից, երբ հայտնաբերվեց որդու հեռախոսազանգի միջոցով: Նրա մահից հետո Մարիան փոխեց իր եւ երեխաների անուններն ու փախուստի դիմեց:

Վիկտորիա Դի Ջորջո (1942 թ. ծնված), Ջոն Գոտտիի կինը 

Հանրահայտ «Կոզա Նոստրայի» ( Cosa Nostra) պարագլուխը նման էր կինոաստղի: Հանրության առջեւ նա ներկայանում էր թանկարժեք իտալական կոստյումներով, մետաքսե փողկապներով, մանրակրկտորեն հարդարված մազերով: Նա սիրահարվեց 21 տարեկանում, երբ արդեն կայացած հանցագործ էր:

Իտալացի գեղեցկուհի Վիկտորիան սիրահարվեց առաջին հայացքից եւ Ջոն Գոտտիին այլեւս ձեռքից բաց չթողեց՝ նրան 5 երեխա պարգեւելով: Կինը միշտ սպասում էր կալանավայրից նրա վերադարձին եւ երբեք որեւէ ակնարկ չէր անում, որ ամուսինը սպանությունների մեջ է ներգրավված:

Անգամ սպանություններից մեկին նա հավանություն է տվել: Նրանց 12-ամյա որդուն՝ Ֆրենկին, ավտոբուսով մահացու վրաերթի են ենթարկում: Որոշ ժամանակ անց ավտոբուսի վարորդն անհետանում է, եւ հետագայում գտնում են միայն նրա ոտքը:

Կյանքի վերջին տարիները Գոտտին անցկացնում է բանտում. 12 տարի անընդհատ նրան տեսակցության է գալիս կինը՝ սամույրե մուշտակով եւ ադամանդներով զարդարված: 2002թ.-ին Ջոնը մահանում է քաղցկեղից, եւ Վիկտորիան այլեւս չի երեւում բարձրաշխարհիկ շրջանակներում:

Իգեա Լիսսոնի (1921–1958 թ.թ.), Լակի Լուչանոյի քաղաքացիական կինը

Գիշերային ակումբների պարուհին հատուկ ժամանել էր Կապրի, քանի որ գուշակը նրան հայտնել էր, որ Իգեան այնտեղ կհանդիպի իր ճակատագրին: Նրա երազանքի տղամարդը դարձավ ԱՄՆ կազմակերպված հանցավոր աշխարհի առաջնորդներից մեկը համարվող իտալացին, ով իրենից մեծ էր 24 տարով:

Իտալիա արտաքսումից հետո զույգը վարձակալեց Տիրենյան ծովի կղզու լավագույն հյուրանոցի հարկի կեսը: Լակիի նոր հանցագործություններից հետո զույգը ստիպված էր երկար ժամանակ թաքնվել եւ փոխել բնակության վայրերը: Լուչանոն քրեական պատմություններից միշտ անվնաս, ողջ-առողջ էր դուրս պրծնում, եւ այդ պատճառով նա ստացավ «Բարեբախտ» (Lucky ) մականունը:

Բայց հաջողությունը նրան շրջանցեց, երբ Իգեան քաղցկեղով հիվանդացավ եւ մահացավ 11 տարվա համատեղ կյանքից հետո: Նյու Յորքի «ծպտյալ տիրակալը» եւս 4 տարի անց մահացավ: Լակին սրտի կաթված է ստանում ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ, ով պատրաստվում էր վավերագրական ֆիլմ նկարահանել մաֆիայի մասին:

Ալիսա Քեննի Դայմոնդ (1899–1933 թ.թ.), Ջեգ Լեգս Դայմոնդի կինը

Ալիսան համեստ եւ բարեպաշտ կին էր, ով իր ամուսնուն սիրում էր ամբողջ հոգով: Ջեգը Նյու Յորքում «չոր օրենքի» ժամանակ ալկոհոլի անօրինական բիզնեսը վերահսկող հայտնի անձանցից էր: Նա սիրում էր բարձրաշխարհիկ հավաքույթները եւ գերազանց պարում էր: «Մաֆիայի ասպետ» կամ «Ջենթլմեն Ջեգ». այսպես էին կոչում Ալիսայի ամուսնուն:

Կինը համեստ կյանք էր վարում եւ իր սիրելի Ջեգի գործունեությանը հավանություն չէր տալիս: Սիրում էր այնքան, որ ներում էր պարուհի Մարիոն Կիկի Ռոբերտսի հետ սիրային կապի մեջ գտնվող ամուսնուն: Հենց պարուհու սենյակում էլ գանգստերը գնդակահարվեց 2 մարդասպանի կողմից: 2 տարի անց Դայմոնդի կնոջը եւս սպանված գտան բրուքլինյան բնակարանում:

Բոննի Էլիզաբեթ Փարքեր (1910–1934 թ.թ.), Քլայդ Բերրոուի զուգընկերուհին 

Թերեւս, Բոննին եւ Քլայդը ամենահայտնի հանցավոր զույգն է, որը գործել է ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի տարիներին: Մինչ նրանց հանդիպումը, Բոննին ամուսնացած էր, իսկ Քլայդը կալանավայրում էր, որտեղ էլ գործեց իր առաջին սպանությունը:

18 տարեկան Քլայդն արդեն կարողանում էր սեյֆեր բացել, խանութներ թալանել եւ մեքենաներ առեւանգել: Աղջիկը հարուստ երեւակայություն ուներ, նաեւ հակվածություն դերասանությանն ու իմպրովիզացիային: Նրան անմիջապես գրավեց տղայի արկածախնդիր եւ կրակոտ բնույթը:

Բոննին սիրահարվում է, եւ իրենց համատեղ խրախճանքի ընթացքում դառնում հանցագործի հավատարիմ գործընկերը: 2 տարվա ընթացքում հանցավոր զույգը սպանում է 9 ոստիկանի եւ թալանում առնվազն 12-ին:

Մի օր նրանք գողացված ավտոմեքենայով գնում են Քլայդի մոր տուն, որտեղ նրանց սպասում էին ոստիկանները: Վերջիններս գնդակահարում են զույգին՝ զենքով լի մեքենայի վրա ավելի քան 500 կրակոց արձակելով:

Ալիսա Գրանվիլ (1931թ.-ի լուսանկար), Փիթ Դոնահյուի կինը 

Ամերիկացի դերասանուհու հայտնի մի լուսանկար կա, որում նա ցուցադրում է իր ամուսնու կողմից ստացած հրազենային վերքերը: «Խփում է, ուրեմն սիրում է» դատողությամբ էր առաջնորդվում «Հոլանդացի Շուլցի» խմբավորման քիլլերի կինը:

Ալիսան արդարացնում էր Դոնահյուին՝ նշելով, որ նա գիշերային ակումբում երեկույթներից մեկի ժամանակ խանդել է իրեն, եւ դա ապացուցել է ամուսնու սերն իր հանդեպ:

 

Աղբյուր՝ wday.ru

Ավելին
Back to top button
Close