Նորություններ

Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար

Քաղաքական որոշմամբ ձերբակալվեցի և քաղաքական որոշմամբ էլ ազատ արձակվեցի: Այս մասին «Արմնյուզ» հեռուստատեսության «Օրախնդիր» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ ինքը 22 օր ապօրինի ազատազրկված է եղել, ինչն արվել է  Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար: Նա նշեց, որ ձերբակալման նախորդող օրը խոսել է այս քրեական գործի մասին և ասել, որ այն  խայտառակություն է ՀՀ-ի համար:

Բաբայանը փաստեց, որ սույն գործով ներգրավված անձանց հետ չի շփվել և ցանկություն էլ չունի:

Հարցին, թե ինչու՞ քաղաքական որոշում կայացվեց ազատ արձակելու՝ Բաբայանը պատասխանեց, որ այն դատավարական պրոցեսները, որոնք իրականացվեցին խայտառակ անօրինություն էր: «Օրենքի որևէ դրույթ պահպանված չէր և ակնհայտ էր  թե՛ հասարակական, թե՛ իրավաբանների, թե՛ միջազգային ճնշումները: Պետք է ինչ-որ կերպ լուծում տրվեր այս անհասկանալի իրավիճակին, այսինքն՝ արվել էր մի բան, որի տակից դուրս չեն գալու: Ի վերջո, ինչ-որ փուլում սա ճանաչվելու էր ակնհայտ ապօրինի»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ խնդիր էր օր առաջ ազատվել գլխացավանքից: Հարցին, թե արդյո՞ք նախաքննության մարմինը ճնշումներ է գործադրել՝ ցանկալի ցուցմունք ստանալու համար, Բաբայանը նշեց, որ, չունենալով իրենց համար ցանկալի ցուցմունքը, որը հնարավորություն կտար Հրայր Թովմասյանի դեմ ինչ-որ բան կորզելու, ուղղակի ընտրվեց ազատությունից զրկումը: Բաբայանն ընդգծեց, որ հնարավորություն կար մեկ օր գտնվել ազատության մեջ, սակայն ամեն ինչ արվել է, որ դա տեղի չունենա:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Արսեն Բաբայանն այսօր ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացվել

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ համարեց Արսեն Բաբայանին ձերբակալությունը, սակայն բավարարեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Ընդ որում՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը դատախազության կողմից չի բողոքարկվել։

Հոկտեմբերի 29-ին իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։ Այսօր սակայն դատախազությունը հայտարարեց, թե երաշխավորություն է ներկայացրել իշխող ուժի պատգամավոր, սորոսական թեւի ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը։ Արցախի ՄԻՊ-ի երաշխավորության քննարկման արդյունքների մասին տեղեկություն չկա։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close