Նորություններ

Ադրբեջանի խոստացած բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է. ՆԻկոլ Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին

«Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ Այդ դեպքում` ինչո՞ւ գոյություն ունի միջազգայնորեն ընդունված խումբը, որը կոչվում է ԵԱՀԿ Մինսկի խումբ և որին է մանդատ տրված որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Ձեր երկիրը ևս ներգրավված է այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային պրոցեսում։ Եթե Լեռնային Ղարաբաղը, ինչպես դուք եք նշում, միջազգայնորեն ճանաչվել է Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում` որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա տարօրինակ չէ՞»,– Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովում ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանցի լրագրողն անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ Արցախը Հայաստանն է եւ վերջ հայտարարությանն ու հետաքրքրվել , թե որքանով է այն նպաստում հակամարտության կարգավորմանը։ Փաշինյանը նկատել է՝ Ադրբեջանի խոստացած բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է, որն էլ հենց ծնել է այս արյունով լի կոնֆլիկտը։

Ըստ Փաշինյանի այդ կարգավիճակը կրկնելը, կնշանակի ամբողջ հակամարտությունը սկսել զրոյից։ Նիկոլ Փաշինյանը կրկնել է իր թեզը, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար եւ ասել, որ ցանկանում էր նման հայտարարություն լսել նաեւ Ադրբեջանի նախագահի կողմից ։

«Բայց, ցավոք, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, թե Զանգեզուրը, Սյունիքը պետք է գրավի, ասում է` Երևանը` անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է, կամ հայկական Սևանը ադրբեջանական լիճ է։ Մեր նպատակը խաղաղությունն է, և մենք ուզում ենք պաշտպանել մեր ժողովրդի անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի, անգամ` Ադրբեջանի ժողովրդի անվտանգությունը»,–հայտարարել է Փաշինյանը՝ շեշտելով, որ պատրաստ է երկխոսության Ադրբեջանի ժողովրդի հետ։

Վարչապետն ասել է, որ հայկական կողմը նման հայտարարություն է անում ոչ թե որովհետև վախենում է, այլ , որովհետեւ մեր առաջարկը խաղաղությունն է: Ի պատասխան լրագրողի դիտարկման, թե ինքը ծնվել է Վարդենիս քաղաքում և չի կարողանում այցելել իր ծննդավայր, Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերը եւ նշել, որ ի տարբերություն ՀՀ-ում ապրող ադրբեջանցիների, Ադրբեջանում ապրող հայերը ոչ թե դուրս եկան այդ երկրից, այլ փախան։

 

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close