Նորություններ

Տոնական Գյումրու զարդարանքը կարժենա 18 մլն դրամ. կայացավ ավագանու հերթական նիստը

Ամանորյա տոներին ընդառաջ Գյումրիի ավագանին անցկացրեց նախավերջին նիստը: Որպեսզի քաղաքը բերվի տոնական տեսքի, բարեկարգված փողոցներն ապահովվեն գեղարվեստական լուսավորությամբ, տեղադրվի նախորդ տարիներից փոքր-ինչ տարբերվող տոնածառ, քաղաքի բյուջեից կհատկացվի ընդհանուր առմամբ 18 մլն դրամ: Գումարի առյուծի բաժինը՝ 11 մլն դրամը, նախատեսված է նոր դեկորատիվ լուսավորության պարագաների ձեռք բերման համար: Կլինի մրցութային կարգով, վստահեցնում է քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պատասխանատուն:

Ավագանու որոշմամբ սուբվենցիա հատկացվեց համայնքի 7 կազմակերպություններին, որոշվեց որպես նվիրատվություն դրամական միջոցներ հատկացնել երկու մանկապարտեզի՝ «Էյլիթիա» և «Լիանա»: 8 ՀՈԱԿ-ներում առկա մաշված գույքի դուրսգրման թույլտվություն տրվեց, թույլատրվեց նաև Գյումրու կոմունալ ծառայության գույքի դուրսգրում իրականացնել:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, գումար հատկացվեց՝ մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակների հետազոտությունների իրականացման համար: Վթարային կառույցները շատ չեն, բայց կան, ասաց ոլորտի պատասխանատուն:

Համայնքի ավագանու որոշմամբ Գյումրի քաղաքի Կրուպսկայա փողոցը վերանվանվեց Խաչիկ Դաշտենցի անվան փողոց:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Տաք Ձմեռ» ծրագիրը, որը նպաստում է տարեցների ջեռուցման խնդիրները հոգալուն: Գյումրի քաղաքի ավագանին որոշեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացնել 1.200000 դրամ, 2019-2020թթ. ձմռան ընթացքում 400 կարիքավոր շահառուների կարիքները հոգալու համար:

Տարեմուտի կապակցությամբ դրամական օգնություն կտրվի սոցիալապես անապահով ընտանիքների՝ հիմք ընդունելով Գյումրու զինկոմիսարիատի ներկայացրած ցուցակները և ԵԿՄ Գյումրիի տարածքային բաժանմունքի ներկայացրած գրությունները:

Նախագծերից մեկով ավագանու հաստատմանն էր ներկայացվել Գյումրի համայնքի հաշվեկշռում առկա անշարժ գույքի դուրսգրման հարցը:

Ներկայացվեց՝ որոշման ընդունումը պայմանավորված է համայնքի գույքի գույքագրման արդյունքների ամփոփման անհրաժեշտությամբ:

Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ժամանակին գույքը օտարվել առանց ավագանու որոշման:

Շիրակի մարզի Գյումրի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը փոփոխության է ենթարկվել: Հանձնաժողովի նախագահի պատասխանատվությունն է ստանձնել Էդուարդ Բաղրամյանը՝ սոցիալական աջակցության Գյումրի-2 տարածքային բաժնի պետը:

ԳԱԼԱ խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին: Լևոն Բարսեղյանը հիշեցրեց՝ 2016-ին Էդուարդ Բաղրամյանն էր զբաղեցնում Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս դեպքում խոսքը երեխաների ճակատագրի մասին է, հիշեցրեց Լևոն Բարսեղյանը:

Ավագանու հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին:

Ավելին
Back to top button
Close