Նորություններ

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW X5-ն ու Opel-ը, Opel-ն էլ բախվել է շինության քարե պարսպին. ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի՝ Նորապատ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X5 մակնիշի 36 FQ 174 համարանիշի և Opel Vectra մակնիշի 36 AՏ 702 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և դուրս եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև հարվածել շինության քարե պարսպին։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ օպերատիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկները, վիրավորներն էլ ընտանիքի անդամներ են։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close