Նորություններ

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 78-ամյա հետիտոնը մահացել է. վարորդը փախուստի չի դիմել

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Պապիկ Ծովյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 6-ին՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով:Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վասպուր Կոստանյանը իր վարած ՎԱԶ-21723 մակնիշի 66 CG 669 համարանիշի ավտոմեքենայով՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել Պ. Ծովյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթակվածին տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նախապատրաստվել էին նյութեր, իսկ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ավտոմեքենան էլ ավագ հետաքննիչ Ա. Մինասյանի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close