Նորություններ

Գեղեցկության սրահի աշխատակիցները՝ ծերերի տուն ինտերնատում

Գյումրիում գործող նորաբաց Magic գեղեցկության սրահն արդեն 2-րդ անգամն է հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ: Այս անգամ  ուշադրության կենտրոնում Գյումրու ծերերի տուն ինտերնատն էր: Նախաձեռնության գաղափարը գեղեցկության սրահի տնօրեն Հասմիկ Սահակյանինն է: Մյուս աշխատակիցների հետ քննարկել են և հավանություն են տվել: Վարսահարդարում, դիմահարդարում եւ եղունգների ներկում.  Ծերերն այս ծառայություններից վաղուց չէին օգտվել:

Նախաձեռնության նպատակը, ինչպես կազմակերպիչն է նշում, ծերերի, եւ առհասարակ, խոցելի խմբերի համար տարրական խնամքի ապահովումն է: Հասմիկ Սահակյանը ընդգծում է, որ նախաձեռնությունը լինելու է շարունակական:

Տարեցները մեծ ոգևորությամբ սպասում էին իրենց  հերթին՝ մեկը սանրվածքն էր թարմացնում, իսկ մյուսին էլ եղունգի լաքի երանգներն էր հրապուրել: Հատկանշական է, որ կանայք անկախ հոգեվիճակից, կարգավիճակից  և գտնվելու վայրից ձգտում են պահպանել կանացիությունը և շրջապատին  հաճո լինելու ցանկությունը:

Նախաձեռնության  կազմակերպիչները չէին մոռացել նաև հակառակ սեռին: Տարեց տղամարդիկ ևս թարմացրեցին իրենց սանրվածքը:

Այս նախաձեռնության հիմնական մեսիջն էր՝ ամենամեծ նվերը մարդուն, որ կարող ես տալ, ուշադրությունն է:

Ավելին
Back to top button
Close