ՄիջազգայինՆորություններ

Թբիլիսիում «Ամիրանի» կինոթատրոնի մոտ լարված իրավիճակ է. նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրությունն ավարտված է, կա 1 վիրավոր

Թբիլիսիում «Ամիրանի» կինոթատրոնի հարակից տարածքում լարված իրավիճակը շարունակվում է, «And then we danced» խորագրով նույնասեռականների մասին ֆիլմի ցուցադրությունն ավարտված է, կա մեկ վիրավոր:

«Սպիտակ աղմուկ» քաղաքացիական շարժման ակտիվիստ Անա Սուբելիանին վնասվել է գլխի հատվածում, ասում է՝ «հազիվ եմ փրկել աչքս»: Սուբելիանիի խոսքով, ազգայնական խմբերի ներկայացուցիչները նրան նպատակաուղղված հարվածել են ծանր առարկաներով:

Սուբելիանին հայտարարում է, որ ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել նրա վրա հարձակումը կասեցնելու նպատակով:

Ցույցի ընթացքում «Վրացական քայլերթ» կազմակերպության աջակիցները շշերով հարվածներ հասցրին նաև քաղաքական գործիչ Դավիթ Բերձենիշվիլիին, ով նույնպես գտնվում էր «Ամիրանի» կինոթատրոնի հարակից տարածքում: Մինչ այդ Բերձենիշվիլին հայտարարել էր, որ ֆիլմի ցուցադրությունը բացասական երևույթ չի համարում: «Գնա՛» վանկարկումներով ցուցարարները ստիպեցին Բերձենիշվիլիին հեռանալ կինոթատրոնի տարածքից: Րոպեներ առաջ վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Հանգիստ եմ, կարողացա դիրքորոշումս արձանագրել քայլերթականների ներկայությամբ, ինչը հարկավոր էր»,- գրել է նա:

Ցույցի ընթացքում բերման է ենթարկվել 11 անձ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Ինչ վերաբերում է Սուբելիանիի վրա հարձակմանը, ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, ինչը ենթադրում է բռնություն: Նշվածի հետ կապված բերման է ենթարկվել մեկ անձ:

Ցույցի կազմակերպիչներից Լևան Վասաձեն հայտարարել է, որ բողոքի ցույցերը կշարունակվեն նաև վաղը: Նրա խոսքով, անձինք, ովքեր տարբեր առարկաներ են  նետել ՆԳՆ-ի ներկայացուցիչների ուղղությամբ, նրանց աջակիցները չեն եղել:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին Թբիլիսիի կինոթատրոններում կայացել է ազգությամբ վրացի ռեժիսոր Լևան Ակինի «And then we danced» (Եվ հետո մենք պարեցինք) ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է ազգությամբ վրացի նույնասեռական տղայի արկածների մասին: Տվյալ ֆիլմը Կաննի կինոփառատոնում 10-ից 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել, ինչպես նաև «Օսկար» ստանալու հնարավորություն ունի:

Ցուցադրությունից օրեր առաջ «Վրացական քայլերթ» կազմակերպության առաջնորդներից Սանդրո Բրեգաձեն խոստացել էր խափանել պրեմիերան, նրան միացել էր նաև գործարար Լևան Վասաձեն, ով նույնպես հաճախ դեմ է հանդես գալիս նույնասեռականներին վերաբերող միջոցառումներին Վրաստանում:

aliq.ge

Ավելին
Back to top button
Close