Նորություններ

Սերժ Սարգսյանը պետական հանցագործ է. Փաշինյանի պատասխանատվության ոլորտից է, որ նրան մինչ այժմ չի պարտադրվել այդ անկեղծ խոսակցությունը

ԳԱԼԱ-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ:

-Պարոն Խուրշուդյան, օրերս Սերժ Սարգսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ «Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը»:

Օրեր առաջ  նա նաեւ հայտարարեց, որ մոտենում է ժողովրդի հետ անկեղծ զրույցի ժամանակը: Ինչո՞վ եք պայմանավորում այս ակտիվությունը, եւ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ասելիք ունի Սարգսյանը Հայաստանի քաղաքացուն:

-Կարծում եմ, որ իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ոլորտից է այն, որ Սերժ Սարգսյանին մինչ այժմ չի պարտադրվել այդ անկեղծ խոսակցությունը, բայց ոչ թե ժողովրդի, այլ ժողովրդին ներկայացնող արդարադատության մարմինների հետ։ Սերժ Սարգսյանը պետական հանցագործ է եւ պետք է անցնի սահմանադրական կարգի տապալման եւ իշխանության յուրացման հոդվածներով առնվազն 2013թ․ նախագահական ընտրությունների, ապա եւ՝ 2015-ի սահմանադրական հանրաքվեի կեղծման դրվագներով։ Նույն գործով, ի դեպ, պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ Հովիկ Աբրահամյանը, ով նրա շտաբի պետն էր 2013թ․-ին։ Սերժ Սարգսյանը, հավանաբար, պոպուլիզմ է համարում արդարադատությունը, քանի որ մերօրյա Հայաստանի արդարադատական համակարգը մեծապես ձեւավորվել է իր եւ իր նախորդ Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ դեռ զգալի մասով մնում է իրենից կախված ու պարբերաբար ենթարկվում է մանիպուլյացիաների եւ ստվերային ուղղորդումների։

-Նկատելի է, որ նախկին իշխանությունները որոշակի ճիգեր են գործադրում՝ ակտիվանալու առումով, փորձում են վերադասավորվել, ինֆորմացիոն դաշտում՝ վերազինվել եւ  «պատերազմել»: Ի՞նչ եք կարծում, սա հղի՞ է վտանգներով, թե՞ ճիշտ հակառակը, կարող է նպաստել, որ գործող իշխանությունները լինեն ավելի սթափ, ավելի զգոն եւ ավելի հաշվետու:

-Ես որեւէ խնդիր չէի տեսնի նախկին իշխանությունների գործունեության մեջ, եթե իրենց գործունեությունն ամբողջապես տեղավորվեր քաղաքակիրթ քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ։ Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախկինում իշխած վերնախավը հիմնականում կազմված է տնտեսական եւ պետական հանցագործներից, եւ գործող իշխանությունների ոչ լիարժեք եւ ոչ արհեստավարժ գործունեության հետեւանքով է, որ նրանց մեծ մասը մնում է ազատության մեջ, իսկ շատերը՝ անգամ իրենց պաշտոններում։

Ու քանի որ կոռուպցիայի դեմ պայքար ամեն դեպքում մղվում է, եւ նախկինները հասկանում են, որ արդարադատության սուրը վաղ թե ուշ իրենցից յուրաքանչյուրին կարող է հասնել, ուրեմն եւ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նրանց ժամանակ է տվել ամեն բան անելու՝ ինքնապաշտպանվելու եւ արդարադատությունից խուսափելու համար։ Տիրապետելով հսկայական ֆինանսական ռեսուրսների, որոնք գոյացել են պետության թալանի եւ ժողովրդի հարստահարման արդյունքում, նրանք, փոխանակ օր առաջ ունեզրկվեն, այդ գումարներն օգտագործում են հակապետական գործունեություն ծավալելու համար։ Եվ քանի որ իրենք հեռու են ազգային շահերից, մտածում են միայն սեփական կաշին փրկելու համար՝ ուստի եւ պատրաստ են համագործակցել ցանկացած ուժի հետ, այդ թվում՝ օտարերկրյա՝ Հայաստանում ապակայունացում մտցնելու եւ գործող իշխանության դիրքերը ոչ թե կառուցողական քննադատությամբ, այլ սեւ տեխնոլոգիաներով սասանելու նպատակով։ Այնպես որ, այս ուժերի մեջ առկա հանցագործներին օր առաջ պետք է հավաքել։ Այն, ինչին խոչընդոտում էր Արթուր Վանեցյանը, ինչի մասին, փաստորեն, ինքը խոստովանեց հրաժարական տալուց, այժմ պետք է արվի արագացված տեմպերով։ Այս ուժերն իրական սպառնալիք են հայկական երկու պետականությունների համար։ Ի դեպ, նախկիններին ներկայացնող ուժերի մեջ առկա քաղաքական գործիչները նման մաքրազերծումից միայն կշահեն՝ հնարավորություն ստանալով ազատորեն զբաղվելու իրական քաղաքականությամբ, այլ ոչ թե հանցագործների կաշին փրկելուն ուղղված մանիպուլյացիաներով եւ սեւ տեխնոլոգիաներով։

-Ընդդիմադիր դաշտում ինչպիսի՞ն է իրավիճակը: Իրական, ուժեղ  հակակշիռ գործող իշխանություններին ձեւավորվո՞ւմ է, թե՞ ոչ, եւ որքանո՞վ է դա կարեւոր մեր երկրի համար

-2018-ի սեպտեմբերին, Հայկ Մարությանի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական դաշտը սեւ-սպիտակի բաժանելու անպատեհ եւ անհեռատես մեթոդաբանության կիրառման հետեւանքով իրական քաղաքական դաշտը մեծ հարված ստացավ։ Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդի հետհեղափոխական էյֆորիան, դա բերեց իրապես գրեթե սեւ-սպիտակ դաշտի ձեւավորմանը։ Նիկոլ Փաշինյանը չէր էլ թաքցնում, որ իրեն շահավետ է որպես քաղաքական հիմնական ընդդիմախոս ունենալ նախկին իշխանություններին, որոնք ծանրացած են բազմաթիվ հանցանքներով։ Արդյունքում հեղափոխությանը մասնակցած մյուս բոլոր քաղաքական ուժերը հայտնվեցին լուսանցքում եւ, չունենալով ո՛չ ֆինանսական եւ ո՛չ էլ մեդիա-ռեսուրսներ, այդ ուժերը մինչ օրս էլ չեն կարողացել վերակազմավորվել, «ափդեյթ» լինել եւ վերադասավորվել՝ ստեղծելով գործող իշխանություններին իրական եւ կառուցողական այլընտրանք։ Այդ գործընթացը, վախենամ, չամբողջականանա նաեւ 2020-ին, ինչի հետեւանքով չի ամբողջականանում նաեւ հեղափոխությունը։

-Խոսենք Մարտի 1-ի գործով դատաքննության մասին: Վերջին նիստի ժամանակ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե մարտի 1-ի իրադարձությունները վերաբերում են 3 նախագահներին. առաջինն ընտրվել է, երկրորդը հրաժարվել է դա ընդունել, երրորդը պետք է կարգ հաստատեր եւ ինչոր կերպ դա փոխանցեր ընտրված նախագահին: «Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում»,- ասաց Օհանյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Շատ ցավում եմ, որ Սեյրան Օհանյանի պես պետական գործիչը հայտնվել է նույն ճամբարում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես չեմ կիսում իր գնահատականը, բայց մյուս կողմից, հուսով եմ, որ դատարանը չի հաստատի իր մեղսակցությունը Մարտի 1-ի հանցագործություններին։ Բացի այն չարաբաստիկ հեռուստաուղերձից, որը նա արտասանել էր այդ օրերին, ես, համենայնդեպս, տեղյակ չեմ որեւէ հակաօրինական գործողության մասին, որին նա մեղսակից է։

-Մեկ անգամ չէ, որ Մարտի 1-ի գործով  դատաքննության ժամանակ ուղղակի կամ անուղղակի կերպով շոշափվում է Սերժ Սարգսյանի անունը, նրա դերակատարությունը Մարտի 1-ի ժամանակ եւ դրանից հետո՝ գործերը բացահայտելու առումով: Սա ինչո՞վ եք պայմանավորում:

-Ակնհայտ է, որ լինելով երկրի վարչապետ՝ Սերժ Սարգսյանը չէր կարող լիովին անմասն լինել կատարված հանցագործություններին։ Բայց, ինչպես արդեն նշեցի, Սերժ Սարգսյանն անմիջական պատասխանատվություն է կրում ոչ պակաս ծանր պետական հանցագործությունների համար արդեն իր պաշտոնավարման տարիներին, հատկապես՝ 2013-ին եւ 2015-ին։

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

 

Ավելին
Back to top button
Close