Նորություններ

Սերժ Սարգսյանից լավ որևէ մեկը չի կարող գիտակցել՝ ռևանշի որևէ փորձ ավարտվելու է էլ ավելի անփառունակ վերջաբանով. Նորայր Նորիկյան

ԳԱԼԱ-ն ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

-Պարոն Նորիկյան, Սերժ Սարգսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ հադիպման ժամանակ հայտարարեց՝ «Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը»:

Օրեր առաջ նա նաև հայտարարեց, որ մոտենում է ժողովրդի հետ անկեղծ զրույցի ժամանակը:  Ինչո՞վ եք պայմանավորում այս ակտիվությունը, և Ձեր կարծիքով, ի՞նչ ասելիք ունի Սարգսյանը Հայաստանի քաղաքացուն:

-Տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել Սերժ Սարգսյանի պատկերացրած ու կառուցած ժողովրդավարությանը, որի թողած հետևանքները հաղթահարելու համար դեռևս տևական ժամանակ է պետք։ Նրա նախաձեռնած և իրականացրած սահմանադրական փոփոխությունները և դրա արդյունքում ինչպես իր, այնպես էլ իր ղեկավարած քաղաքական ուժի հավակնությունները բավարար են գնահատելու նրանց պատկերացումներն իրական ժողովրդավարության մասին։ Եվ անգամ եթե այսօրվա քաղաքական վերնախավը գայթակղված է այս կամ այն ամբոխահաճո դրսևորումներով, այն չի կարող սրբագրել կամ արդարացնել նախորդ քաղաքական վարչակարգի գործունեությունը։

Համոզված եմ, որ Հայաստանի այսօրվա քաղաքացին չի սպասում Սերժ Սարգսյանի խոսքին՝ համարելով, որ նա ավարտել է իր քաղաքական կենսագրությունը և քաղաքական դաշտում այլևս անելիք ու ասելիք չունի։ Այլ խնդիր է, որ նախկին քաղաքական վարչակարգը և նրա ղեկավարները չեն համակերպվում 2018թ․ ապրիլ ամսին հասարակության կողմից ձևավորած նոր քաղաքական քարտեզի և նոր քաղաքական ներկապնակի հետ, որի մեջ իրենք չկան։ Սերժ Սարգսյանից լավ որևէ մեկը չի կարող գիտակցել, որ ռևանշի որևէ փորձ ավարտվելու է էլ ավելի անփառունակ վերջաբանով՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ Հայաստանի անկախության պատմության ընթացքում դեռևս որևէ նախորդ առաջնորդի չի հաջողվել հետ վերադառնալ և վերականգնել կորցրած քաղաքական ազդեցությունը, առավել ևս այն դեպքում, երբ ժողովուրդը կտրականապես դեմ է այդպիսի սցենարի։

-Նկատելի է, որ նախկին իշխանությունները որոշակի ճիգեր են գործադրում՝ ակտիվանալու առումով, փորձում են վերադասավորվել, ինֆորմացիոն դաշտում՝ վերազինվել և  «պատերազմել»: Ի՞նչ եք կարծում, սա հղի՞ է վտանգներով, թե՞ ճիշտ հակառակը, կարող է նպաստել, որ գործող իշխանությունները լինեն ավելի սթափ, ավելի զգոն և ավելի հաշվետու:

-Զուր ճիգեր են։ Իրենց մեջ գտնվող ինտելեկտուալ որակներ ունեցող անձինք քաջ գիտակցում են, որ իրենց հակառակորդն ու մրցակիցը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է կամ կառավարությունն ու Ազգային ժողովը, այլ Հայաստանի այսօրվա հասարակությունը։  Չպետք է մոռանալ, որ Նիկոլին իշխանություն բերելուց զատ առաջին հերթին հասարակությունը մերժել է նախորդ քաղաքական համակարգին իր սատելիտներով հանդերձ, ուստի, գիտակցելով հանդերձ այս ամենը, իրենք վերազինվում են քարոզչական դաշտում՝ փորձելով «հաղթել» հասարակությանը և փոխել հանրային կարծիքն իրենց նկատմամբ։ Բնականաբար, ցանկացած քարոզչություն որոշակիորեն ունենում է ազդեցություն, բայց կարծում եմ, որ մեր հասարակությունը ցանկացած կրիտիկական վիճակում ի վիճակի է տարբերել կեղծիքն ու սուտը և այսուհետ այլևս երբեք չի ընկնի որևէ կեղծ ազդեցության տակ։

-Ընդդիմադիր դաշտում ինչպիսի՞ն է իրավիճակը: Իրական, ուժեղ  հակակշիռ գործող իշխանություններին ձևավորվո՞ւմ է, թե՞ ոչ, և որքանո՞վ է դա կարևոր մեր երկրի համար: 

-Քաղաքական դաշտում ապագան նոր քաղաքական ուժերինն է։ Իրենց սպառած, ժողովրդին բազմիցս անգամ խաբած և վստահությունը մսխած քաղաքական ուժերն ու անձինք անցած փուլ են։ Նրանց վրա կառուցված ցանկացած քաղաքական հաշվարկ ու գործընթաց փլվելու է իրենց գլխին, և իրենք մնալու են դրանց փլատակների տակ։

Մյուս կողմից ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանությանը համարժեք քաղաքական այլընտրանքի բացակայությունը կարող է հնարավորություն տալ, որ որոշակի շրջանակների խաթարված մտածողության ու կենսակերպի, իսկ ավելի պարզ՝ Հայաստանի բնականոն զարգացումը վիժեցրած ընկալումներն ու դրսևորումները որոշ ժամանակ հետո հաղթող դուրս գան՝ խժռելով հասարակության կողմից իրականացված փոփոխությունների արդյունքը:
Որպեսզի երկրում իրականացվեն լրջագույն բարեփոխումներ և տեղի ունենա իսկական ԲԵԿՈՒՄ, չափից դուրս կարևոր է քաղաքական համակարգի առողջացումն ու իրական քաղաքական այլընտրանքի ձևավորումը, որով հնարավոր կլինի ապահովել քաղաքական համակարգի հավասարակշռվածությունն ու պետության բնականոն զարգացումը:
Քաղաքական այդ այլընտրանքը պետք է լինի գաղափարական, ինտելեկտուալ, կրթված, ունենա պետության զարգացման ռազմավարական հայեցակարգ, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համարձակություն ու քաղաքական խիզախություն և վերջապես՝ պատրաստ լինի ստանձնել Հայաստանի հաջորդ իշխանությունը:

Օբյեկտիվորեն քաղաքական համակարգի բալանսն այսօր խախտված է. ունենք օրինական ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքական իշխանություն և չունենք անհրաժեշտ ազդեցություն ունեցող և քաղաքական իշխանությանը հակակշռող քաղաքական այլընտրանք: Որպեսզի քաղաքական իշխանությունը չլճանա և դառնա անվերահսկելի, իսկ մեր երկիրն էլ զարգանա բնականոն հունով, վերը նշված վտանգները չեզոքացնելու, անձնակենտրոն քաղաքական իշխանությունից և նշված սցենարից խուսափելու և մեր իրական արժեհամակարգին ու ազգային ինքնությանը հարիր պետության կայացման համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ձևավորել այդ այլընտրանքը՝ արձանագրելով, որ մեզ արդար Հայաստան է պետք, որտեղ իրավունքի և օրենքի գերակայությունը կլինի անբեկանելի և անշրջելի համակարգ, որտեղ իրավական պետության փիլիսոփայությունը կդառնա կյանքի նորմ սոցիալական բոլոր շերտերի համար, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ: Մի քանի ամիս անց հնարավորություն կունենանք առավել մանրամասն խոսելու այս մասին և առավել մեծ ու ազդեցիկ քաղաքական ուժի հնարավոր հայտի մասին։

-Խոսենք Մարտի 1-ի գործով դատաքննության մասին: Վերջին նիստի ժամանակ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե մարտի 1-ի իրադարձությունները վերաբերում են 3 նախագահներին. առաջինն ընտրվել է, երկրորդը հրաժարվել է դա ընդունել, երրորդը պետք է կարգ հաստատեր և ինչ-որ կերպ դա փոխանցեր ընտրված նախագահին: «Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում»,- ասաց Օհանյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Մարտի 1-ի գործը վերաբերում է ոչ թե 3 նախագահներին, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, պետականությանը, ժողովրդի արժանապատվությանը, ժողովրդավարության արժեքներին, ժողովրդի վրա կրակելու, սեփական քաղաքացիներին սպանելու և զինված ուժերը քաղաքական գործընթացներին ներգրավելու անթույլատրելիությանը և բազում այլ հանգամանքների։ Կարծում եմ, որ եթե 2008թ․ ամեն ոք կատարեր իր սահմանադրական պարտականություններն ու գտնվեր իր տեղում ու դիրքում, մենք այսօր չէինք ունենա Մարտի 1-ի քրեական գործ, իսկ Սեյրան Օհանյանն էլ չէր ունենա ամբաստանյալի կարգավիճակ և այսօր հանդես չէր գա այսպիսի տարընթերցում ենթադրող հայտարարություններով։

-Մեկ անգամ չէ, որ Մարտի 1-ի գործով  դատաքննության ժամանակ ուղղակի կամ անուղղակի կերպով շոշափվում է Սերժ Սարգսյանի անունը, նրա դերակատարությունը Մարտի 1-ի ժամանակ և դրանից հետո՝ գործերը բացահայտելու առումով: Սա ինչո՞վ եք պայմանավորում:

-Գիտե՛ք, բազմաթիվ անգամ առիթներ եմ ունեցել նշելու, որ տպավորված ու ոգևորված չեմ իրավապահ համակարգի գործունեությամբ։ Ճիշտ հակառակը, բազմիցս պնդել եմ, այժմ նույնպես պնդում եմ, որ ինձ համար հասկանալի չէ Մարտի 1-ի գործով իրավապահ համակարգի ներկայիս գործունեությունն ու օրինականության վերականգնման գործընթացում նրանց դրսևորած վարքագիծը։ Բայց ամեն մեկն ինքն է պատասխան տալիս իր գործունեության համար։

Հարցազրույցը՝ Արմենուհի Վարդանյանի

Ավելին
Back to top button
Close