ՄիջազգայինՆորություններ

Ադրբեջանը ներխուժում է վրացական տարածք. Bellingcat

Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասի երեք նախկին հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը չկարողացան սահմանազատել իրենց սահմանները: Այս ձախողումը հանգեցրեց կանոնավոր միջադեպերի՝ յուրաքանչյուրի տարածքային սահմաններում: Բաց աղբյուրների վրա հիմնված լրագրողական հետաքննությամբ զբաղվող bellingcat.com կայքում հրապարակված հոդվածում գրում են կայքի վերլուծաբան Մասիսի Ինգիլիզյանը և հայաստանյան «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետներ Տարոն Հովհաննիսյանը և Վլադ Վարդանյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանների վերաբերյալ վեճերը բարդ բնույթ են կրում, և երկու ժողովուրդները երկարատև, հաճախ բռնությամբ ուղեկցվող հակամարտություն ունեն Արցախի տարածքային վերահսկողության հետ կապված: Այնուամենայնիվ, սակայն, լարված իրավիճակ առկա է նաև Հարավային Կովկասի երկու բարեկամ երկրների՝ Վրաստան-Ադրբեջանի միջև, ինչը նույնպես հանգեցրել է սահմանազատման հետ կապված բարդությունների», — գրում են հոդվածի հեղինակները:

Կայքը հիշեցնում է Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովի վերջերս արած հայտարարությունը՝ «Ադրբեջանը առաջխաղացում է գրանցել շփման գծում մի քանի ուղղություններով և ռազմավարական նշանակության բարձունքներում դիրքեր զբաղեցրել»:

Հոդվածի հեղինակները գրում են, որ Google Earth-ի ազատ օգտագործման համար հասանելի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ ադրբեջանական ռազմական առաջխաղացումը տեղի է ունեցել ոչ թե հայկական, այլ վրացական տարածքում: Ինչպես երևում է ստորև, Ադրբեջանի դիրքերի ամրացումը տեղափոխվել է դեպի հյուսիս՝ սահմանից այն կողմ՝ անցնելով վրացական տարածք: Դատելով բաց հասանելի արբանյակային լուսանկարներից՝ Բաբաքար (Պապաքար) կոչվող բլուրում իր դիրքերն Ադրբեջանն ամրացրել է 2019-ի ապրիլին: Հատկանշական է, որ ադրբեջանցի պաշտոնյան (ՊՍԾ պետի տեղակալը՝ խմբ.) չի հստակեցրել, թե որ ուղղությամբ են իրենք նոր դիրքեր զբաղեցրել, սակայն, որոշ ռուսալեզու լրատվամիջոցներ հայտնել են, որ Ադրբեջանը այդ «ռազմավարական առաջխաղացման» արդյունքում Վրաստանի տարածքներից է զավթել:

Վրաստանն ու Ադրբեջանը սահմանային խնդիր ունեն նաև Դավիթ Գարեջիի վանական համալիրի շրջանում: Այդ «ակադեմիական պատերազմի» արդյունքում համալիրի տարածքի մի մասը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ՝ խորացնելով նշված խնդիրը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ հատվածում երկու երկրների միջև սահմանը պետք է անցնի լեռան գագաթով, որը ներառում է ողջ վանական համալիրը, և որ Վրաստանի նախագահի չհամաձայնեցված այցը համալիրի տարածք հանդիսացավ ադրբեջանական կոշտ արձագանքի պատճառ:

Ստորև տեղադրված քարտեզը ցույց է տալիս հիշյալ վանքի տեղը՝ վերջերս Ադրբեջանի կառուցած նոր հենակետի և սահմանազատման գծերի հետ միասին:

Google Earth-ի և Planet Labs-ի կողմից տրամադրված արբանյակային պատկերների համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումները ընդլայնել են վերահսկողությունը վրացական տարածքում գտնվող մի շարք դիրքերի նկատմամբ:

Բաբաքյար լեռան արևելքում ադրբեջանական նոր դիրքերը դե ֆակտո տեղակայված են Վրաստանի տարածքում: Վրաց-ադրբեջանական սահմանի վերոհիշյալ հատվածի ավելի ճշգրիտ դիտարկումը և խորը հետազոտությունը վկայում է, որ Ադրբեջանը դիրքեր է պահում ոչ միայն Բաբաքյարի վրացական տարածքում, այլև Բաբաքյարից մինչև վրաց-ադրբեջանական Կարմիր կամուրջ սահմանային անցակետը ձգվող տարածքում:

Ավելինայս գոտում գտնվող ադրբեջանական դիրքերից մեկը (ներքևում նշված է կարմիրներովգտնվում է Կարմիր կամրջի վրացական մաքսային անցակետից ընդամենը 380 մ հեռավորության վրա և տեղակայված է ավելի բարձր բլրի վրա՝ անցակետի արևմտյան կողմում:

Այսպիսով, Վրաստանի հետ սահմանի երկայնքով, սկսած Հայաստանի հետ սահմանային գծից մինչև Կարմիր կամրջի անցակետ, Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել վրացական տարածքի մոտ 200 հեկտարի (երկու քառակուսի կիլոմետր) հողակտորի նկատմամբ՝ ստանալով տեսական առավելություն Կարմիր կամրջի նկատմամբ:

Հիշեցնենք՝ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր, երբ Ադրբեջանն ամիսներ առաջ զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր վանքի մուտքը:

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծագած խնդրին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։

Հավելենք՝ Վրաստանի նախագահը Զատկի տոնին ընդառաջ՝ ապրիլի 20-ին էր այցելել  Թբիլիսիից 60 կմ հարավարևելյան ուղղությամբ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի համալիր, որը Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանը բաժանում է երկու մասի:

Այցի շրջանակներում, վրաց սահմանապահների հետ հանդիպումից հետո Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ սահմանների դեմարկացիայի հարցը «այլևս չի համբերում» և շտապ պետք է լուծել:

Իսկ վանք համալիր այցի ժամանակ նա հայտարարել է, որ վանքի վերանորոգումն անմիջապես պետք է սկսել:

«Անհրաժեշտ է շատ արագ սկսել այս կառույցի վերանորոգումը: Հենց դրա համար է այն «Եվրոպա Նոստրա»-ի ցուցակում, որպես վտանգի տակ գտնվող հուշարձան: Պետք է այդ գործը հրատապ անել», — ասել է Վրաստանի նախագահը:

Նույն օրը երեկոյան արդեն ադրբեջանական լրատվամիջոցների համար Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ կառավարությունը մշտապես օրակարգում է պահել սահմանազատման հարցը և այժմ էլ պատրաստ է ներգրավվել այդ գործընթացին:

Եվ վերջում, նշենք, որ ապրիլի 26-ին արդեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ Դավիթ Գարեջիի վանք տանող ճանապարհի հարցը լուծված է և այն այժմ բաց է:

Ավելին
Back to top button
Close