ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել այաթոլլա Խամենեիի որդու, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի եւ այլոց դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ այնտեղ ընդգրկելով երկրի հոգեւոր առաջնորդի մերձակա շրջապատից 9 անձի, նաեւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղեկացնում է svoboda.org-ը:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնված անձինք առնչություն ունեն արտասահմանում ամերիկյան օբյեկտների վրա կատարված հարձակումներին, նաեւ Իրանի քաղաքացիների սպանություններին եւ կտտանքներին:

Ցուցակում հայտնված անձանց թվում են Խամենեիի որդին՝ Մոջթաբը, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին, հոգեւոր առաջնորդի աշխատակազմի ղեկավար Մոհամմադ Ղոլփայեղանին, նաեւ Վահիդ Խաղանիանին, ում անվանում են Իրանի առաջնորդի «աջ ձեռքը»:

Պատժամիջոցների մասին հայտարարությունն արվել է Թեհրանում ԱՄՆ դեսպանատան շենքի գրավման 40-ամյակի եւ տասնյակ ամերիկացիների պատանդառելու օրը:

Հայտնի է դարձել նաեւ, որ ԱՄՆ իշխանությունները խոստացել են մինչեւ 20 մլն. դոլար պարգեւավճար տալ այն տեղեկատվության համար, որը կօգնի պարզել 11 տարի առաջ Իրանում անհետացած ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լեւինսոնի գտնվելու վայրը:

 

 

Աղբյուր՝ svoboda.org

Ավելին
Back to top button
Close