Նորություններ

Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետը ձերբակալվել է. նա կասկածվում է անձի առևանգման մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 131 հոդվածի 1-ին մասի (անձի առևանգում) հատկանիշներով:

Ա. Մկրտչյանը, ով Շենավանի գյուղապետն է, հնարավոր է, մեղադրվի նաև մեկ այլ հանցագործության փաստով:

Ինչպես հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օրերս ոստիկանության Մեծամորի բաժին էր դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամն իր ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել՝ իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո, արհեստավորի մոտ գնալու ճանապարհին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ Արամի հետ եկած անձանցից մեկը հարվածել է ձախ աչքին ու ստիպողաբար դուրս են բերել ավտոմեքենայից, ստիպողաբար նստեցրել մեկ այլ ավտոմեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր:

Հ. Հունանյանը հայտնել էր նաև, որ դրանից հետո նրանց են միացել մի քանի անծանոթ անձինք, ովքեր ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:

Պարզվել է, որ Արամը հանդիսանում է Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Ա. Կարապետյանը: Ոստիկանները պարզել էին նաև, որ Ա. Կարապետյանի հետ Հ. Հունանյանին ծեծի ենթարկող անհայտ անձինք են Շենավան գյուղի բնակիչներ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը և 43-ամյա Արման Մկրտչյանը: Նշված երեք անձինք հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին: Արթուր Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, հենց Արթուր Մկրտչյանն է եղել այն անձը, ով Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր էր որսացել, իսկ հետո լուսանկարվել: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close