ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ախուրիկում ժամանակին նավթ են որոնել, բայց բնությունն այլ անակնկալ էր պատրաստել

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում գտնվող ջրբուխը, որը հայտնի է տարբեր անուններով՝ Տաք ջուր, Չռիկ կամ Վիշկա, հետաքրքիր պատմություն ունի: Այն այսօր հանդիսանում է հանգստի նախընտրելի վայրերից մեկը, իսկ ջրի նմուշն օգտագործվում է գիտական նպատակներով:

«Ախուրիկ» երկրաքիմիական հետազոտությունների կայանի վարիչ Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ 1956-1957 թվականներին տարածքը փորել են նավթ գտնելու նպատակով, սակայն հորատանցքից տաք ջուր է դուրս եկել:

«Հորատանցքը 1800 մետր է, բայց տաք ջուրը դուրս է գալիս 600 մետր խորությունից, այն ունի 27,2  ջերմաստիճան, որը չի փոփոխվում: Ջուրը նաեւ պարունակում է բավականին շատ ինֆորմացիա ընդերքում ընթացող պրոցեսների մասին, դրա համար սեյսմիկ կայան է տարվում, որտեղ ուսումնասիրվում է ջրի բաղադրությունը»,- հայտնեց ԳԱԼԱ-ի զրուցակիցը:

Հայկ Սարգսյանը շարունակեց. «Աղբյուրի հիմքի վրա 1990-91թթ.-ին հիմնվել է երկրաքիմիական հետազոտությունների կայան, հետագայում ստեղծվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, և սովետի քանդվելուց հետո այդ ինստիտուտն իր կազմով ընդգրկվեց սեյսմիկ ծառայության մեջ ու դարձավ քիմիական հետազոտությունների կայան, հետո գերմանացիների օգնությամբ այդտեղ կառուցվեց ավտոմատ հետազոտությունների կայան»:

Ջուրը պարունակում է 13 տեսակի քիմիական տարր: Ընդերքի պրոցեսներից կախված՝ փոփոխվում է այդ տարրերի քանակը:

«Հիմա ավտոմատ համակարգիչը դրված է, և այդ տարրերի փոփոխությունը գրանցում է 15 րոպեն մեկ և հաղորդում է արբանյակին»,- նշեց փորձագետը:

Ջուրը խմելու ենթակա է, սակայն, ըստ փորձագետների, պետք է օգտագործել շատ քիչ քանակությամբ, քանի որ պարունակում է ավելի շատ թթուներ:

Ըստ Սարգսյանի՝ եթե սովորական խմելու ջրի մեջ քիմիաթթվային բալանսը 5,5 է, ապա այս ջրի բաղադրությունում 6,5 է:

«Քիչ քանակությամբ օգտագործումը կարող է օգնել ստամոքսի մարսողության բարելավմանը: Ջուրը կարելի է խմել և օրգանիզմը հարստացնել  երկաթով, որը նպաստում է արյան կարմիր գնդիկների ավելացմանը»,- հայտնեց Հայկ Սարգսյանը:

Ջուրը ամռանը զովացնում է, ձմռանը՝ տաքացնում: Ամռան օրերին շատ են այցելուները. գալիս են լողանալու, զովանալու և բնությունը վայելելու:

Ռիմա Խաչատրյան

Ավելին
Back to top button
Close