Նորություններ

«Նարեկ Սարգսյանն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել». վկան ցուցմունք է տվել դատարանում. armtimes.com

Երեւանի ընդհանուր իրավասութան դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Այս  գործը դատարանում քննվում է 2018 թվականի օգոստոսի 28-ից: Նախաքննության ընթացքում Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:

Այսօր դատարանում հարցաքննվել է գործով առանցքային վկա Արթուր Ղեւոնդյանը: Վերջինս 17 տարի առաջ հայտարարել էր, թե ինքն է անզգույշ կրակել Դավիթ Սիմոնյանի վրա: Կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով էլ Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր եւ գործը կարճվել:

Դատարանում վկան պատմել է, որ բնակվում է արտասահմանում, այժմ գտնվում է Երեւանում, վերադարձել է իրավապահ մարմինների հրավերով, եւ ինչպես գործով ամբաստանյալ Հայկ Սարգսյանի, այնպես էլ տուժող Դավիթ Սիմոնյանի հետ ունի հարեւանական հարաբերություններ: Դատավորը վկային նախազգուշացրել է, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության՝ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, ապա առաջարկել է հայտնել այն, ինչ ինքը գիտի:

Վկա Արթուր Ղեւոնդյանը դատարանին հայտնել է, որ ինքն այս գործի հետ ընդհանրապես կապ չունի. «Զուտ Նարեկ Սարգսյանն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել, ես դեպքի հետ կապ չունեմ, ոչ տեսել եմ, թե ով է կրակել, ոչ էլ դեպքի վայրում եմ եղել, լսելով եմ տեղեկացել, ինչպես եւ դուք»: Արթուր Ղեւոնդյանը պատմեց՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ 19:30-ի սահմաններում, Նարեկ Սարգսյանն իրեն զանգել է, հետաքրքրվել, թե ինքը որտեղ է եւ կանչել հանդիպման. «Սաշիկ ձյան ասաց՝ Հայկոն հանկարծակի Դավիթի ոտքին է կրակել, վերցրու վրադ, ոչ մի բանի մասին մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի: Ես սկզբից ասացի, որ թեկուզ եւ հարեւաններ ենք, բայց ոչ, հետո Նարեկ Սարգսյանն ինձ կանչեց նկուղ, հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ասաց՝ «կեթաս, կնստես», իսկ Սաշիկ ձյան էլ եկավ, դիտողություն արեց Նարեկին, ինձ էլ ուղղակի խփեց, ոչ թե որ վնասի, այլ հանգստացնի: Հետո՝ մոտ կես ժամից, ոստիկաններ եկան, ինձ հարցրին իմ տեղը, կավիճով գծեցին, դալանի տակ պարկուճներ գցեցին, նկարեցին ու գնացին: Ոստիկանությունում էլ քննիչն ինչ թելադրել է, գրել եմ, ու ստորագրել, հետո ոչ էլ կարդացել եմ»:

 

Մանրամասները՝ armtimes.com _ ում։

 

Back to top button
Close