ՆորություններՔո ձայնը

«Խնդրում եմ՝ հուշե՛ք, որ փաստին հավատա Արթուր Ղազարյանի մայրը». Արայիկ Պապիկյան

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրել է փաստեր զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան քրեական գործի քննության մասին։

Պապիկյանը գրել է․

«Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան (սպանության) քրեական գործի քննության մասին 21.12.2010 թ. մահացել (սպանվել) է զինծառայող Արթուր Ղազարյանը։ 22.12.2010 թ. իրականացվել է դիակի դատաբժշկական փորձաքննությունը։

ա) Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության Դատական բժշկության գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև՝ ՊՈԱԿ) տնօրենի և կադրերի տեսուչի 29.08.2013 թ. թիվ Հ Ա. 190 Հրամանի՝ 2013 թ. սեպտեմբերի 5-ին կազմվել է Արձանագրություն, ըստ որի ոչնչացվել են 2010-2011 թ. զինվորական դեպքերի դատահյուսվածաբանական դեպքերի թաց արխիվները (ոչնչացվել են նաև Արթուր Ղազարյանի դիակից վերացված թաց արխիվները)։

բ) Համաձայն ՊՈԱԿ-ի Դատահյուսվածաբանական բաժնի վարիչի 08.01.2019 թ. գրության՝ դիակի դատաբժշկական փորձաքննության կատարման ընթացքում ստացված թաց արխիվը 2 տարուց ավելի պահելու դեպքում հյուսվածքները դառնում են ոչ պիտանի ուսումնասիրության համար։ Իսկ միկրոպրեպարատները և պարաֆինային ընկղման բլոկներն ունեն պահպանման ժամկետներ և 3 տարին լրանալուց հետո դրանք որակազրկվում են և պիտանի չեն ուսումնասիրության և ախտորոշման համար։ Հետևաբար չեն կարող պիտանի լինել նաև Արթուր Ղազարյանի դիակից 2010 թ. վերացված թաց և չոր արխիվները։

գ) Համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի 01.02.2019թ. գրության՝ «Չոր արխիվը՝ /միկրոպատրաստուկները, միկրոպրեպարատները և պարաֆինային ընկղման բլոկները ՊՈԱԿ-ի արխիվում պահպանվում են 3 տարի ժամկետով, որոնք հետագայում որակազրկվում են և պիտանի չեն ուսումնասիրության և ախտորոշման համար»։

դ) Համաձայն ՊՈԱԿ-ի Դատահյուսվածաբանական բաժնի վարիչի 15.12.2018 թ. գրության՝ «20.12.2010 թվականին կատարվել է Արթուր Սումբատի Ղազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, դիակի ներքին օրգաններից վերցվել են նաև գլխուղեղի նորագոյացությունից՝ անոթային մալֆորմացիայից հյուսվածքային կտորներ, որոնք ենթարկվել են դատահյուսվածաբանական ուսումնասիրության։ Գլխուղեղի նորագոյացությունից՝ անոթային մալֆորմացիայից հյուսվածքային կտորները, ինչպես նաև դիակից ստացված միկրոպրեպարատները չեն պահպանվել» (հաստատապես նշված է, որ չեն պահպանվել Արթուր Ղազարյանի դիակից վերացված թաց և չոր արխիվները, իսկ գլխուղեղի նորագոյացության լուսանկարներ չկան)։

ե) Համաձայն ՊՈԱԿ-ի Դատահյուսվածքաբանական ՈՒՂԵԳՐԻ՝ Արթուր Ղազարյանի դիակի 10 օրգաններից վերցվել է 20 կտոր։ Իսկ համաձայն Դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 1159/54 Եզրակացության՝ արխիվների համար 11 օրգաններից վերցվել է 21 կտոր։

զ) Համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի 26.07.2019 թ. գրության՝ «դատահյուսվածաբանական բաժնի արխիվի համակարգման և վերադասավորման ընթացքում հայտնաբերվել են նախկին գործերով հետազոտության չոր արխիվներ, այդ թվում՝ Արթուր Սմբատի Ղազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում դիակի օրգաններից վերացված կտորներից պատրաստված չոր արխիվները»։

է) Համաձայն ՊՈԱԿ-ի դատահյուսվածաբանական բաժնի վարիչի 01.07.2019 թ. գրության՝ դիակի թաց արխիվի «ոչնչացումը կատարվում է համաձայն ԴԲԳԳԿ-ի տնօրենի համապատասխան հրամանի՝ մեկից-երկու տարի պահպանելուց հետո (…)։ Չոր արխիվը պահպանվում է մոտ 3 տարի»։

ը) Համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի 16.09.2019 թ. գրության՝ 22.02.2019 թվականին արխիվի համակարգման և վերադասավորման ժամանակ հայտնաբերվել է Արթուր Ղազարյանի դիակի չոր արխիվը։ Հայտնաբերված չոր արխիվները հետազոտել է փորձագետը (ախտաբանը) և եզրակացրել՝ միկրոպրեպարատները պիտանի են փորձաքննության համար։

Վերը թվարկված (ներկայացրած) փաստաթղթերից մի մասի մեջ նշված է սխալ կամ կեղծ կամ մոլորեցնող կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Խնդրում եմ՝ հուշե՛ք, որ փաստին հավատա Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։

Ավելին
Back to top button
Close