Ես կողմ եմ Ստամբուլյան կոնվենցիային. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ է տվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Նախարարը բազմիցս նշել է, որ ինքը Ստամբուլյան կոնվենցիայի մեջ վտանգավոր երևույթ չի տեսնում:
«Եթե կոնվենցիան ստորագրվում է, կոնվենցիան պիտի վավերացվի, այսինքն՝ դա միջազգային պարտավորություն է: Ինչպես մյուս կոնվենցիաների դեպքում, այս կոնվենցիայի դեպքում մոտեցումը հետևյալն է, այսինքն դա կառավարության ծրագիր է, նկատի ունեմ՝ կառավարության մոտեցում է. ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է և հիմա պիտի վավերացնի»,- նշել է նախարարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե որն է նախարարության գործառույթը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործում, նշեց. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որևէ գործառույթ չունի: Մեր գործառույթն է աջակցել այն անձանց, ովքեր ենթարկվել են ընտանեկան կամ կենցաղային բռնության: Մենք իրենց սոցիալական աջակցություն ենք տրամադրում»: Նա նաև հավելեց, որ կոնվենցիան աջակցելու է, որ ավելի լավ մեխանիզմներ ձևավորվեն:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էր՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Բողոքի ակցիա իրականացնող անձինք կոչ են արել. «Մենք պիտի բոլորով անխտիր ոտքի կանգնենք և պահանջենք, որ մեր երկրում տվյալ փաստաթուղթը չվավերացվի, որովհետև տվյալ փաստաթուղթը այլասերվածության գագաթնակետն է»: