ՄԻԱՎ-ով վարակված երեխայի ծնողներն առողջ են. ո՞ր բուժկենտրոնում է դեպքը տեղի ունեցել

2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Լրագրողների հետ զրույցում այսօր ՀՀ առողջապահության նախարարը նշեց. «Երեխան այս պահին բուժում է ստանում, փորձում ենք վերականգնել առողջությունը, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»:
Նա հավելեց, որ մնացած մանրամասները քննությունից հետո կպարզվեն:
Լրագրողի այն հարցին, թե որ բուժկենտրոնում է դեպքը տեղի ունեցել, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ինձ հայտնի չէ այդ փաստը: Եթե իմանայինք, էլ քննության կարիք չէր լինի: Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում բժշկական օգնություն է ստացել, պետք է պարզել՝ որ բժշկական կենտրոնում է տեղի ունեցել դեպքը»:
Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ այն բժշկական կենտրոններում, որտեղ երեխան ստացել է բժշկական օգնություն, իրենց խմբերն աշխատում են: Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:
Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսային բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրվում:
Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։