ՆորություններՍպորտ

9 մարզիկ և ոչ մի մեդալ. ազատ ոճայինները ձախողեցին աշխարհի երիտասարդական առաջնությունը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Բուխարեստում ընթացող աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունում. 9 մարզիկով առաջնությանը մասնակցող մեր ընտրանին այդպես էլ ոչ մի մեդալ չկարողացավ նվաճել:

Մեդալային ամենաիրատեսական հնարավորությունը, թերևս, ուներ ուներ միայն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը, սակայն տուշեով պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:

Հարությունյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Դինիսլամ Տախտարովն էր, որը հենց մեկնարկում 4 միավորանոց հնարքով ժամանակից շուտ առավելության հասավ Արսենի նկատմամբ:

Արսենը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10:5 հաշվով առավելության էր հասել Մոնղոլիայի ներկայացուցիչ Չինզորիգ Ցերմայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Արսենը դարձյալ վստահ հաղթանակ էր տարել իրանցի ըմբիշ Մոհամադբահեր Էսմայիլ Յահկեշիի նկատմամբ 13:6 հաշվով:

Կիսաեզրափակչում արդեն Հարությունյանը տուշեով ցավալի պարտություն կրեց հնդիկ Ռավինդեր Ռավինդերից: Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը հաղթում էր 3:0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլի սկզբնամասում Ռավինդերը կատարեց 4 միավորանոց հնարք ու հաղթեց տուշեով:

Արսեն Հարությունյանը, հիշեցնենք, Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն է, 57 կգ քաշային կարգում Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր ու աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի կազմում մեդալ նվաճելուն մոտ էր նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Մեր ըմբիշը հենց մեկնարկում պարտվել էր իրանցի Կամրան Գհորբան Գասեմպուրին 0:5 հաշվով, վերջինս հասել էր եզրափակիչ ու Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել:

Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 5։0 հաշվով հաղթեց լեհ Քշիշտոֆ Սադովիկին, սակայն երկրորդում 2։5 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Գանկհույակ Գանբատարին և լքեց պայքարը:

Մեկնարկում պարտություն էին կրել նաև 57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը, որը որակավորման փուլում 1:4 հաշվով զիջել էր իրանցի ըմբիշին, ինչպես նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը 3:3 հաշվով էր ավարտել գոտեմարտը Թուրքիայի ներկայացուցիչ Սելիմ Կոզայի հետ:

20-ամյա Վազգեն Թևանյանը Եվրոպայի 2019 թվականի Մ23 տարեկանների չեմպիոն է, Եվրոպայի 2018 թվականի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, ինչպես նաև նույն տարում աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Հենց մեկնարկում պարտություն էին կրել նաև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը: Անդրեասյանը 2:5 հաշվով զիջել էր իրանցի Ամիրհուսեին Ալի Հոսենինիին որակավորման փուլում, իսկ Պապիկյանը 0:10 հաշվով էր պարտություն կրել թուրք Ֆազլի Էրյըլմայից:

79 կգ քաշային Արման Ավագյանը, որը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, մեկնարկել էր վստահ հաղթանակով: Հայ մարզիկը 10:0 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Ելիսեյեուի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Այստեղ արդեն Ավագյանը համառ պայքարում զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Ռամազան Իսակ Սարիին 10:15 հաշվով:

92 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Հովսեփյանը մեկնարկում 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ իտալացի Ուիլյամ Ռաֆիի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ, սակայն, ցավալի պարտություն կրեց կուբացի Յոնգեր Պաուլի Պոմարեսի հետ պայքարում 0:11 հաշվով և լքեց պայքարը:

97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չունեցավ, իսկ ահա 125 կգ քաշայինների պայքարում մեր երկիրը ներկայացրեց Հովհաննես Մաղաքյանը:

1/8 եզրափակչում Հնդկաստանի ներկայացուցիչ Պրատապ Արյանի նկատմամբ տարած 4:3 հաշվով հաղթանակից հետո Մաղաքյանը 10:0 հաշվով զիջեց վրացի Զուրիկո Ուրտաշվիլիին և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր էր մեկնել Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

armsport.am

Back to top button