ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ստատուս քվոյի պահպանմամբ էլ Հայաստանը մոտենում է մեծ պատերազմի»

Փորձագետ Բենիամին Պողոսյանը ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցին եւ դրան հաջորդող հասարակական դժգոհությանը, նշում է. «Երբ խոսք գնաց հայկական զինված ուժերի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին եւ վկայակոչվեցին տարբեր դատական ակտեր եւ այլն, ապա այստեղ կարելի էր հստակ անդրադառնալ այն ցեղասպանական գործողություններին, որոնք Ադրբեջանն է իրականացրել սկսած դեռ 1988 թվականից՝ Սումգայիթ, Բաքու, Մարաղա, վերջապես 2016 թվական, գլխատված զինվորներ և այլն։ Միանշանակ պետք էր ասել, որ մենք գործ ունենք փաստացի ցեղասպանական գործողություններ իրականացրած պետության հետ, որի գործողությունները թեև միջազգային իրավունքը դեռևս ցեղասպանություն չի ճանաչել, բայց մեր գնահատմամբ դրանք ցեղասպանական գործողություններ են»։

Արտգործնախարարը, ըստ Բենիամին Պողոսյանի, բավականին բարդ վիճակում է՝ կապված Արցախի հարցում մեր պետության դիրքորոշման փոփոխականության հետ։

«Բոլորս գիտենք, որ սկզբում՝ անցյալ տարվա իրադարձություններից հետո, հայտարարվեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների դաշտ և բանակցությունները պետք է ընթանան այն ձևաչափով, ինչպիսին կային մինչև գոնե 1998 թվականը։ Դրանից հետո տեղի ունեցավ մեկ այլ մոտեցում. հայտարարվեց, որ Արցախը Հայաստանն է և վերջ։ Ընդ որում, այնքան էլ չհստակեցվեց, թե ինչ ենք հասկանում Արցախ ասելով։ Արցախ ասելով հասկանում ենք Արցախի ներկայիս հանրապետությունն իր ամբողջ տարածքով, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, պլյուս ինչ-որ շրջաններ։ Մյուս կողմից էլ շրջանառության մեջ է դրվում այն թեզը, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Սակայն բոլորս ենք հասկանում, որ «Արցախը Հայաստանն է»  լուծումը Ադրբեջանի համար միանշանակ ընդունելի չէ»։

Այս իրավիճակում Մնացականյանի համար հստակ դիրքորոշում հայտնելը բավականին բարդ է, ասում է Բենիամին Պողոսյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև։

Ավելին
Back to top button
Close