Նորություններ

Աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի` մասնավոր ինքնաթիռով ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ հարցին, հայտնեց, որ աշխատակազմը քննարկում է վարչապետին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման տարբերակը։

Մշտապես քննարկվում է այն, որ  կառավարական ամառանոցներն են վերանորոգվում կամ վարչապետը նոր մեքենա է գնել: Էդուարդ Աղաջանյանը հստակեցրեց հարցը՝ նշելով, որ վարչապետն ինքն իր համար ոչ մի բան չի գնել և այդ գնումները համարվում են պետական գնումներ:

«Ինչ վերաբերում է ծախսերին, քանի որ այդ որոշումները օրենքից բխող գաղտնի ընթացակարգերով են  կայացվել, ես այդ թվերը չեմ կարող հրապարակել, բայց ինչ վերաբերում է Կոնդի ՊՈԱԿ-ի առանձնատներին, երբ որ այդ վերանորոգումները կլինեն պետգույքի համապատասխան ռեգիստրում, դրանց շուկայական արժեքը համապատասխանաբար կավելանա»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Հարցին, թե թափանցիկ գործելաոճ որդեգրած կառավարությունն ինչո՞ւ է գաղտնի պահում, երբ բյուջեի հաշվին բան է գնվում, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «ըստ գործող օրենքի՝ ընթացիկ ներկայացուցչական ծախսերը գաղտնի են»:

«Ճոխ գնումներ» ձևակերպմանն անդրադառնալիս Աղաջանյանը նշեց. «վարչապետին սպասարկող մեքենան բավականին հին էր, որը դեռ 5 տարի առաջ պետք է դուրս գրվեր»:

Այն հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը բնակարանով չապահովեց Սերժ Սարգսյանին, անձնակազմի ղեկավարը արձագանքեց՝ առաջարկ արվել է կառավարության կողմից, որը մերժվել է:

Աղաջանյանը նշեց նաեւ, որ աշխատակազմում աշխատավարձի ավելացում չի եղել, բայց պարգևատրում եղել է: Անդրադարձան նաև այն հարցին, որ վարչապետը պարգևավճար չի ստացել:

«Ինչ վերաբերվում է մեկ անձից գնումներ կատարելու և իմ անձի հետ կապված լինելու քննարկումներին, հավանաբար խոսքը վերաբերում է անկախության տոնի կազմակերպչական աշխատանքներին և այդ ընդհանուր գումարին, եթե չեմ սխալվում ընդհանուր գումարը 220 մլն էր արժեցել պետբյուջեի վրա, և ես հատուկ դրա համար ասուլիս էի կազմակերպել, որպեսզի հանրությանը, նաև լրագրողներին ներկայացնեմ, թե ինչով է պայմանավորված այդ որոշումը: Մեկ անձ ձևակերպումն այդքան էլ չի արտացոլում իրականությունը: Խոսքը 76 կազմակերպությունների մասին է, և ոչ թե մեկ անձի»,-հայտնեց Աղաջանյանը:

Back to top button