ՆորություններՔո ձայնը

Այո՛ օրենքի առաջ բոլորն են հավասար, սակայն կա նաեւ բարոյական պատասխանատվություն. Արսեն Խառատյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր, արևելագետ Արսեն Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեր երկրում դժվար կգտնվի մի ընտանիք, որի երեխան առողջական խնդիր ունենալու պարագայում Արա Բաբլոյանի ղեկավարած կլինիկայում հայտնված չլինի: Եթե ընտանիքին բախտ է վիճակվել հենց իր կողմից ստուգվել, ապա վստահ եմ բժիշկ Բաբլոյանի մասին ամենադրական հիշողություններն ունեն: Ես ինքս մանկական տարիներին բուժում եմ ստացել Բաբլոյանի մոտ ու վառ հիշողություններ ունեմ նրա չափազանց ջերմ վերաբերմունքից:

Ուրախ եմ, Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվելուց հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին այլ ոչ թե կալանքը: Միանշանակ համաձայն եմ օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքին, անկախ նրանց կարգավիճակից ու հեղինակությունից, սակայն պակաս կարեւոր չեմ համարում տարիներով մարդկանց կուտակած վստահությունն ու հեղինակությունը մեր հանրության շրջանում:

Արա Բաբլոյանը արդարացիորեն վաստակել է իր հեղինակությունը տասնյակ տարիների տեւական աշխատանքի արդյունքում, փրկելով 100-ավոր մանուկների ու դեռահասների կյանքեր: Նրա տեսակը բացառիկ է մեր երկրում, ուստի առնվազն բարոյական տիրույթում ես պարտավորված եմ զգում իմ աջակցությունը հայտնել ու համբերություն մաղթել պարոն Բաբլոյանին:

Այո՛, իմ շատ ընկերներ կարող են արդարացիորեն հարց տալ. ախր ինչո՞ւ էր ընդունում Սերժ Սարգսյանի առաջարկն ու Ազգային Ժողով գնում, այդ կերպ ըստ էության լեգիտիմացնելով ՀՀԿ-ին: Ես չունեմ այդ հարցի պատասխանը ու հաշվի առնելով նրա տարիքն ու փորձը, կարծում եմ ինքը` Բաբլոյանն իր խղճի առաջ պատասխան տալու խնդիր ունի:

Նախկինում շատ ենք տեսել, թե ինչպես են հանրության շրջանում բարձր հեղինակություն վայելող անձանց քաղաքական ու անձնական շահի համար հեղինակազրկել, հաճախ իրենց իսկ մեղքով գուցե: Չկրկնենք նախկինների սխալները, մեզ անհրաժեշտ են հեղինակություններ, որոնց ձայնը հատկապես ճգնաժամային իրավիճակներում լսելի կլինի»:

Back to top button
Close