ՆորություններՏնտեսական

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Հայաստանում կդառնա 300 հազար դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկուման շրջանակներում հայտարարել է.

«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք նաև որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն ենք ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: Դուք գիտեք, որ 2020 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն իրենց ամբողջ ծավալով: Սոցիալական մասով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Այսինքն՝ դա նոմինալ չի լինելու աշխատավարձերի բարձրացում, այլ քանի որ մենք Հարկային օրենսգրքում եկամտահարկի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, ըստ էության, մոտավորապես 200 հազար քաղաքացիների աշխատավարձը, փաստացի տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով:

Բացի այդ, մենք կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով: 2020թ. հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ: Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան: Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25.500 դրամ, գործող 18.000 դրամի փոխարեն: Ծնելիության աճի խթամանն ուղղված ծրագրեր կիրականացվեն, արդեն ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, դա բնականաբար, կշարունակվի նաև 2020թ.-ին, այսինքն 10 տոկոս ավելացումը կշարունակի ուժի մեջ մնալ: Ունենք ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձի 10 տոկոս բարձրացում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձի բարձրացում՝ 30 տոկոսով, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերի բարձրացում՝ 20.000 դրամով»:

Ավելին
Back to top button
Close