Նորություններ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին:

Նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական դարավոր բարեկամության կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բազմաոլորտ համագործակցութան խորացումը և ընդլայնումը:

Երկուստեք ընդգծվեց, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներով տեղի ունեցող փոխայցելություններն ու հանդիպումները զգալիորեն խթանել են  հայ-չինական երկխոսության խորացումը և նպաստել, ի թիվս այլոց, առևտրատնտեսական, զբոսաշրջության, գիտակրթական ոլորտներում համագործակցության առավել զարգացմանը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին բազմակողմ հարթակներում առկա փոխգործակցության առնչությամբ:

Հայաստանի ԱԳ նախարարը և ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչը մտքերի հանգամանալից փոխանակում ունեցան միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի մոտեցումներին և սկզբունքային դիրքորոշմանը:  ՀՀ ԱԳ նախարարը և ՉԺՀ կառավարության հատուկ ներկայացուցիչը կարևորեցին խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

ՉԺՀ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ «Մեկ Չինաստանի» սկզբունքի առնչությամբ ունեցած դիրքորոշման համար:

Back to top button
Close