Նորություններ

Ներկայացվել են «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով վարքաբանական փորձարկման» արդյունքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով վարքաբանական փորձարկման» արդյունքները։

Հենվելով այն փաստի վրա, որ արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում 2-րդ ամենահաճախ հանդիպող տեսակն է կանանց շրջանում` անցկացվել է «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով վարքաբանական փորձարկում», որը ղեկավարել է ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հանրային քաղաքականության նորարարության թիմի ղեկավար Տիգրան Ճորոխյանը: Նա տեղեկացրել է, որ փորձարկմանը մասնակցել է 30-60 տարեկան 20800 կին, որոնց ուղարկվել է 20800 նամակ և 13000 հիշեցում:

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ բուժզննում անցնելու հավանականության վրա չեն ազդել ոչ նամակի, ոչ էլ հիշեցման բովանդակությունը, ու ամենամեծ խնդիրը իրազեկման պակասն է: Այլ խոչընդոտներ էլ են եղել` տվյալների անհամապատասխանություն, տվյալների լրացման անփութություն ու հասցեների անճշտություն:

ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանն առաջարկել է հետագայում նմանատիպ փորձարկում իրականացնել այլ հիվանդությունների մասով և կիրառել նաև այլ մարզերում:

Արսեն Թորոսյանն առաջարկել է փորձարկման հիման վրա հավելված ստեղծել, որը չի սահմանափակվի արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելիչ բուժզննմամբ, այլ կընդգրկի նաև ծխախոտը թողնելու և նմանատիպ այլ նպատակներ:

Back to top button
Close