ՄիջազգայինՆորություններ

16 մարդ մահապատժի է ենթարկվել՝ 19-ամյա աղջկան դաժանաբար սպանելու համար

Բանգլադեշի դատարանը 16 մարդու դատապարտել է մահապատժի՝ 19-ամյա Նուսրաթ Ջահան Ռաֆիի սպանության համար, ով բողոքել էր ոստիկանություն՝ պնդելով, որ դպրոցի տնօրենը սեռական ոտնձգություն է կատարել իր նկատմամբ: Դատապարտյալների թվում է անձամբ տնօրենը, Նուսրաթի 2 համադասարանցիները եւ կառավարող կուսակցության տեղի բաժանմունքի 2 պաշտոնյա:

Ապրիլին կրոնական մեդրեսեի աշակերտուհու վրա կերոսին էին լցրել եւ այրել նրան դպրոցի տանիքում: Դրանից մի քանի օր առաջ աղջիկը հայտարարություն էր տվել ոստիկանություն՝ բողոքելով տնօրենի հետապնդումներից:

Ֆենի փոքրիկ քաղաքում կատարված դաժան սպանությունը ցնցել էր ամբողջ երկիրը: Բանգլադեշում արդարադատության պահանջով ծավալվեց բողոքի ալիք:

16 մեղադրյալների նկատմամբ դատական գործընթացը տեղի ունեցավ արագացված տեմպերով, թեեւ նման գործերի քննությունը տարիներ է տեւում:

Իրավապահները հայտնել են, որ դպրոցի տնօրենը, ով ձերբակալվել էր աղջկա հայտարարության հիման վրա, հրաման է տվել հաշվեհարդար տեսնել Նուսրաթի հետ, քանի դեռ ինքը գտնվում էր բանտի պատժախցում:

Ինչպես պարզվել է, մի քանի ոստիկան համագործակցել են մարդասպանների հետ, եւ կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր Նուսրաթն ինքնասպան է եղել:

Վերջինիս հարազատները ողջունել են դատարանի որոշումը եւ կոչ արել դատավճիռն իրագործել որքան հնարավոր է շուտ: Բանգլադեշում մահապատիժն ի կատար է ածվում կախաղանի միջոցով:

 

Աղբյուր՝ BBC

Back to top button
Close