Նորություններ

Թուրքիայի պաշտպանության նախարար. «Մենք կարող ենք գնել ամերիկյան «Patriot» համակարգերը»

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը միջազգային «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից դուրս գալու խնդրին, Թուրքիայի` ՆԱՏՕ-ում ունեցած խնդիրներին, ինչպես նաև «խաղաղության ակունք» ռազմագործողությանը:

Ինչպես գիտենք, Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով ԱՄՆ-ն պաշտոնական Անկարային հեռացրել էր ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից: Հուլուսի Աքարը նշել է, որ թեև տարաձայնություններ կան ԱՄՆ-ի հետ, բայց դրանք հաղթահարելու են: Նրա խոսքով` Թուրքիան ԱՄՆ-ից կարող է գնել «Patriot» տեսակի համակարգեր:

ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու վերաբերյալ հարցին թուրք նախարարը պատասխանել է. «Մենք  ՆԱՏՕ-ի կենտրոնում ենք, ոչ մի տեղ չենք գնում: Ուղղակի ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողմից չհասկացված լինելու որոշակի խնդիրներ ունենք»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ռազմագործողության հետևանքով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցին, Աքարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ժամանակավոր կլինեն, և այդ թեման դուրս կգա օրակարգից:

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջիկայում Սիրիայի հյուսիս-արևելքում վնասազերծվելու են ինքնաշեն պայթուցիկները և այն քուրդ զինյալները, որոնք մնացել են այդ շրջաններում: Աքարը նկատել է տվել, որ Թուրքիայի վերահսկողության տակ 200-ից ավել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներ կան:

Նա հերքել է ռազմագործողության ընթացքում թուրքական կողմի` քիմիական զենք կիրառելու մասին տեղեկությունները:

Նախարարը նաև ասել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ Գերմանիայի առաջարկը ստացել են ու հիմա քննարկում են դիտակետերի տեղակայման հարցը:

ermenihaber.am

Back to top button
Close