ՄիջազգայինՆորություններ

Թրամփը չեղարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները եւ հայտարարել. «Թող մեկ ուրիշը մարտնչի արյունով հեղեղված այդ ավազների համար»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին, որոնք ուժի մեջ էին մտել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի դաշնակից համարվող քրդական զորամիավորումների դեմ սկսված ռազմական գործողությունից հետո, տեղեկացրել է svoboda.org-ը:

Թրամփի խոսքերով՝ պատժամիջոցները չեղարկվել են, քանի որ թուրքական ռազմարշավը դադարեցվել է: «Դրանք կարող են վերականգնվել, եթե ԱՄՆ-ի շահերին դեմ ինչ-որ բան տեղի ունենա»,- հավելել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հենց ամերիկացիների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հրադադարի հասնել:

Թրամփը կրկին վստահություն է հայտնել, որ Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրսբերման իր որոշումը ճիշտ էր: Նա նշել է, որ այժմ այլ երկրներ կարող են պատասխանատվություն ստանձնել այդ տարածքի համար, որտեղ հաճախ արյունահեղություններ են լինում: «Թող մեկ ուրիշը մարտնչի արյունով հեղեղված այդ ավազների համար»,- ասել է Թրամփը:

Մի շարք մեկնաբաններ, այդ թվում ամերիկյան 2 կուսակցությունների հայտնի քաղաքական գործիչներ, քննադատության են ենթարկել Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը՝ պնդելով, որ այդ կերպ Թրամփը թուրքերին թույլ տվեց քրդերի դեմ ռազմարշավ ձեռնարկել, իսկ Ռուսաստանին՝ ամրապնդել ազդեցությունը Սիրիայում:

ԱՄՆ նախագահը հայտնել է նաեւ, որ ամերիկացի զինվորականների մի մասը կմնա Սիրիայի արեւելքում՝ նավթային հանքավայրերի պահպանությունն իրականացնելու համար:

svoboda.org

Back to top button
Close