Նորություններ

«Տիկին Բաթոյանը մանիպուլյացիա անողներին կարող է փնտրել իր շրջապատում»

Գյումրու տուն-ինտերնատի բնակիչներն ու աշխատակիցներն արդեն մի քանի օր բողոքում են: Նրանց անհանգստացնում է այն հանգամանքը, որ հաստատությունը կլուծարվի:

Այստեղ ապրում է 157 տարեց քաղաքացի: Նրանց մտավախությունն այն է, որ կարող են կառույցից դուրս հայտնվել, ու բացի այդ, սովոր են արդեն հարազատ դարձած աշխատակիցներին: Իսկ աշխատակիցների մեծ մասին անհանգստացնում է հանգամանքը, որ կմնան գործազուրկ:

Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը իմանալուց հետո խնամվողներից Սահակ Այվազյանը հացադուլ էր հայտարարել և միայն աշխատակիցների ու ընկերների հորդորներից հետո նա հրաժարվեց բողոքի այդ ձևից:

Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն արձագանքեց բողոքներին՝ հայտարարելով՝ «կեղտոտ մանիպուլյացիա են իրականացնում:

«Մենք շարունակելու ենք բարեփոխումները՝ հանուն մեր տատիկների և պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»,- հայտարարեց նախարարը:

Իսկ այսօր առավոտյան արդեն պարզ դաձավ, որ կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հրավիրել են նախարարություն:

Հաստատության աշխատակիցները հիմա խումբ են ձևավորել և մտադիր են հիմնել ՀԿ և մասնակցել մրցույթի: Եթե ապապետականացվում է կառույցը, ուրեմն իրենք ևս պիտի հնարավորություն ունենան մասնակցելու այդ մրցույթին:

Մտավախություն կա նաև՝ կառավարությունը գնում է տարեցների խնամակալ ընտանիքներ ձևավորելու նախագծին, ինչպես մանկատների պարագայում: Սակայն այստեղ ապրող տարեցներից 100-ը ոչ զավակ ունի, ոչ մտերիմ հարազատ՝ տուն վերադառնալու համար:

Իսկ առայժմ բանավոր ու փաստաթղթերով տեղեկացրել են, որ ապապետականացվում է հաստատությունը: Եվ դեռ մրցույթ չի եղել, բայց արդեն խոսում են այն կառույցի մասին, որը շահելու է մրցույթը: Խոստանում են նաև ՀԿ-ի կողմից որպես խնամողներ վերցնել նույն կառույցի ոչ թոշակառուներին:

 

Քրիստինա Մկրտչյան

Back to top button