Նորություններ

4 սպաներով ծեծել են զինվորին ծխելու համար․ Մատաղիսում ինչպես Մատաղիսում. forrights.am

Փետրվարին Մատաղիսի զորամասում ուսումնական գումարտակի շտաբի պետ Էրիկ Խամփերյանի և այլ սպաների կատարմամբ հերթական քրեական դեպքն էր արձանագրվել, որին արդեն անդրադարձել էին: Ըստ փակ աղբյուրի,  4 սպաները, որոնց թվում Խամփերյանից բացի եղել են նաև Գառնիկ Խաչատրյանը, Հարություն Մինասյանը և Ալբերտ Խաչատրյանը, գետնին են գցել շարքային զինծառայող Ա․ Խ-ին և ոտքերով ծեծի են ենթարկել։ Հայտնվել է վկա, որը սպաների դեմ ցուցմունք է տվել և պնդել է իր ցուցմունքը առերեսման ժամանակ:

Զինծառայողը  սերժանտ է, Արարատի մարզից: Նա զորացրվել էր հուլիսին։

Ծեծի պատճառն այն է, որ ուսումնական գումարտակի սպաները «բռնացրել» են շարքայինին սիգարետը ձեռքին, ծխարանի մոտ: Զինծառայողը հայտնել էր Forrights.am-ին, որ ինքը գնացել է դեպի ծխարան, բայց չի հասցրել մտնել, շուռ է եկել, տեսել է՝ սպաները մեջքի հետևում կանգնած են։ Երբ փորձել է արդարանալ, սպառնացել են, որ նրա ծնողին կբերեն զորքի առաջ և կամաչացնեն: Ա․ Խ-ն պաշտպանել է իր ծնողին, ասելով մոտավորապես հետևյալը․ «Այդ մարդը ծնված չի, որ իմ ծնողին ամաչեցնի»։ Սա առաջացրել է սպաների կատաղությունը։ Այս մասին Ա․ Խ-ն ամիսներ առաջ հայտնել էր Forrights.am-ին: Նա այսօր էլ չի հրաժարվում իր խոսքերից:

Մենք տեղեկություն ունենք, որ այն պահին, երբ սպաները տարել են զինվորին պատժելու, զորքը «Հետ դարձ» հրաման է ստացել, որպեսզի զինվորները չտեսնեն, թե ինչ են իրենք անում: Քննիչներին սպաները հայտնել են, որ շարքայինն է առաջինն իրենց վրա ձեռք բարձրացրել։ Զորամասի զինծառայողներից մի քանիսը ցուցմունք են տվել սպաների դեմ, սակայն կարճ ժամանակ անց փոխել են իրենց ցուցմունքները, գրել են, որ իրենց ծառայակիցն է հարված հասցրել իր հրամանատարներին։

Դատախազությունից հայտնեցին, որ շարքայինը այս տարվա փետրվարին հարուցված սույն քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ։ 4 սպաները՝ ևս։

«Մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։ Քրեական գործը հարուցվել է փոխադարձ միմյանց նկատմամբ բռնի  գործողություններ կատարելու փաստի առթիվ: Քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /ստորադասի նկատմամբ բռի գործողություններ կատարելը, կամ դրանք կատարելու սպառնալիքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից /358 հոդվածի 1-ին մասով/ Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության հետ/ և 358.1 հոդվածի 2-րդ մասով /զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը/: Գործով նախաքննությունը շարունակվում է, ապացույցների ձեռքբերման փուլում է», — հայտնում են գլխավոր դատախազությունից:

Ծեծի ականատես վկաներից մեկը, ըստ քննությանը մոտ աղբյուրի, հայտնել է, թե ինչպես էին սպաները ոտքերով հարվածներ հասցնում Ա-ին։ Օրերս վկան առերեսվել է գործով որպես մեղադրյալ անցնող սպաների՝ Գառնիկ Խաչատրյանի, Հարություն Մինասյանի և Ալբերտ Խաչատրյանի հետ: Առերեսման ժամանակ նրանք հերքել են մեղադրանքը, ասելով, որ վկան ստում է։

Սյուզան Սիմոնյան

forrights.am

Ավելին
Back to top button
Close