Նորություններ

Թուրքիան մտադիր չէ հեշտությամբ հետ կանգնել այն մտադրություններից, որոնցով նա սկսել էր իր ռազմական գործողությունները. թուրքագետ

Սիրիայում Թուրքիայի գործողությունների, հետագա պլանների մասին ԳԱԼԱ-ն զրուցել է  թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ:

-Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվեցին Սիրիայի հյուսիսում 120-ժամյա հրադադար հաստատել: Որքանո՞վ եք հավանական համարում ռազմական գործողությունների վերսկսումը, և ի՞նչ պլաններ ունի Թուրքիան՝ ըստ Ձեզ:

-Այս պահի դրությամբ շատ կարևոր էր  Էրդողանի մամուլի ասուլիսը Ստամբուլում, որի ժամանակ նա տեղեկացրեց հանրությանը Թուրքիայի հետագա քայլերի վերաբերյալ: Այն պայմանները, որ նա դրել է այս պահին հրադադարի հաստատման համար, ինձ բավականին անիրատեսական են թվում, որովհետև չափազանց խիստ պայմաններ է դրել ամերիկյան կողմի առաջ, և չեմ կարծում, որ տրված ժամանակահատվածում  հնարավոր կլինի այդ հարցը լուծել: Կարծում եմ՝ մի քանի սցենարներ կարելի է այս պահի դրությամբ դիտարկել. առաջին՝ հնարավոր լինի երկարացնել հրադադարի ժամկետը, որը, կարծում  եմ, առավել հավանական սցենարներից մեկն է, երկրորդը՝ Էրդողանը հստակ հայտարարեց, որ  եթե 120 ժամ հետո իր պայմանները չբավարարվեն, ապա նա ավելի մեծ հետևողականությամբ կշարունակի իր նախաձեռնած օպերացիան: Թվում է՝ Էրդողանն ունի թե՛ Ռուսաստանի,  թե՛ Իրանի աջակցությունը՝ կանգ չառնելու այն հարցում, որը նա նախաձեռնել է: Ընդհանրապես՝ Ամերիկայի արձագանքն  ուշացած  էր, անարդյունավետ և ավելի շատ ինֆորմացիոն հակաքայլ էր հիշեցնում, քան թե իրական քայլ, որպեսզի Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում խաղաղություն հաստատվի, հետևաբար՝  այս պահի դրությամբ, դատելով այն մտադրություններից, որոնք առկա են Թուրքիայի իշխանական շրջանակներում, վերլուծական հանրույթում, Թուրքիան մտադիր չէ  Սիրիայի հյուսիս-արևելքից հեշտությամբ հետ կանգնել այն մտադրություններից, որոնցով նա սկսել էր իր ռազմական գործողությունը:

-Այսինքն՝ Դուք ռազմական գործողությունների վերսկսման սցենարն առավել հավանակա՞ն եք համարում:

-Կարծում եմ՝ այս պահի դրությամբ բոլոր հիմքերը կան կարծելու, որ հրադադարի  ժամկետը վերջանալուց հետո կրկին ռազմական գործողությունները կվերսկսվեն: Այստեղ Էրդողանը շատ լավ հասկանում է, որ Թուրքիան Ամերիկայի հետ ունեցել է համաձայնություն ռազմական օպերացիայի վերաբերյալ և ունենալուվ  Ռուսաստանից և Իրանից ստացած կանաչ լույսը՝  նա իրականացրել է այդ օպերացիան: Էրդողանն ամբողջ աշխարհի առջև Նյու Յորքում հայտարարեց, որ պատրաստվում է դա անել,  ոչ մի պետություն նրան չկանխեց, և Էրդողանն ասուլիսի ժամանակ հստակորեն նշեց, որ բոլորը տեղեկացված են եղել ըստ պատշաճի, հետևաբար՝ նա Ամերիկայի քայլերն ընդունում է ոչ որպես ջենտլմենական, ուստի, կարծում եմ, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը կամ դրա որոշակի վերափոխված շարունակությունը շատ հավանական է:

-Ամերիկայի արձագանքը գնահատեցիք ուշացած: Ինչո՞վ  եք սա պայմանավորում:

-Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ԱՄՆ-ի կառավարությունը ստիպված էր արձագանքել այն քննադատություններին, որոնք վերջին շրջանում տեղացին իր իշխանության գլխին, և Թրամփի վարչակարգը հասկացավ, որ հարկավոր է այս ամենին արձագանքել: Իհարկե, ընտրեցին մի տարբերակ, որտեղ կկարողանան գլուխը բարձր ասել, որ ստիպեցին Թուրքիային հրադադարի համաձայնվել, սակայն խորության մեջ հասկանալի է, որ առանց ԱՄՆ-ի համաձայնության ամենասկզբից չէր կարող տեղի ունենալ այս ռազմական գործողությունները: Հետևաբար՝ սա քաղաքականության մեջ ինֆորմացիոն պատերազմի այս դարաշրջանում ընդունված օպերացիա էր, ինֆորմացիոն գործողություն էր ԱՄՆ-ի և Թուրքայի միջև, ըստ իս՝ ոչ ամենևին տպավորիչ սցենարով գծված,  բավականին մեծ թերություններով ու ակնհայտ սխալներով արված ինֆորմացիոն օպերացիա էր, և այստեղ ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կողմ էր այս ռազմական գործողությանն այնպես, ինչպես այն համընկնում էր Թրամփի պատկերացրած Մերձավոր Արևելքին, որովհետև եթե նայում ենք Թրամփի արտաքին քաղաքականությանը, այնտեղ  իրոք ԱՄՆ-ն իզոլացման ճանապարհով է գնում, պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ ևս  ունի իր արտահայտումները, և այստեղ ևս Թրամփի կառավարումը քննադատության խիստ ալիքի տակ է այն պատճառով, որ նախ երբեք պետքարտուղարությունը լուսանցքային դեր չի ունեցել  ԱՄՆ-ի պատմության մեջ 1950-ականներից ի վեր, երկրորդ՝ Թրամփը կազմաքանդել է ամբողջ արտաքին քաղաքական այն համակարգը, որ նա ժառանգել էր նախորդ իշխանություններից։ Այս ամենն իր հետևանքն է  թողել նաև այն իրար հաջորդող որոշումների վրա, որոնց պատճառով էլ ԱՄՆ-ն շատ ավելի է մարգինալացվում աշխարհաքաղաքական գործընթացներից:

Հերմինե Ղարիբյան

Ավելին
Back to top button
Close