Նորություններ

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը

Հոկտեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը։

Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ վարչապետը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավապահ կառույցների ղեկավարներ, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, մարզպետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հարյուրավոր ծառայողներ։

ՀՀ Նախագահի հրամանագրով Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով՝ «Սխրագործության համար», իսկ գլխավոր դատախազի հրամանով՝ «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով։
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հուղարկավորությունը։
Զինվորական կարգով հողին հանձնվեց հանցագործի դավադիր գնդակից ընկած ոստիկանը։
Տիգրան Առաքելյանի անունը հավերժ կմնա ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր մյուս գործընկերների անունների կողքին։

Ավելին
Back to top button
Close