Նորություններ

Երեւանի թիվ 92 մանկապարտեզում երեխաներին կապում են աթոռներից. հնչել է ահազանգ եւ տրվում են մեկնաբանություններ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը քիչ առաջ իր էջում հրապարակել է լուսանկարներ, որտեղ պատկերվում է, որ երեխաները կապված են աթոռից: Գրառման հեղինակը նշել է, որ որպես մասնագետ՝ չի կարող լռել եւ չբարձրաձայնել նշված մանկապարտեզի նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումների մասին ու նաեւ ավելացրել է, որ լուսանկարներն արված են Երեւանի թիվ 92 մանկապարտեզում։

«Ես որպես մասնագետ՝ պնդում եմ, որ երեխային կապելը կամ բռնի ուժով որեւէ բան պարտադրելը ոչ միայն չեն նպաստում այս երեխաների զարգացմանը, այլեւ ոտնահարում են նրանց իրավունքները մի հաստատությունում, որն իբր թե ստեղծվել է նրանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով»,- նշված է գրառման մեջ:

Վերջինս իր հրապարակման մեջ համոզմունք է հայտնել, որ հարցին պետք է տալ հրատապ լուծում եւ պարզել իրականացվող աշխատանքների մյուս հետաքրքիր կողմերը, ինչպես ընդհանուր դաստիարակչական, այնպես էլ վերականգնողական ծառայությունների մատուցման տեսակետից։

«Տխրությամբ ուզում եմ նշել նաեւ, որ հարցը չէի ցանկանում հանրայնացնել՝ առանց այն էլ խոցելի ոլորտը առավել չխոցելու եւ այս մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին խնայելու նպատակով։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ այս ամենի մասին 10 օր առաջ տեղեկացրել եմ ԿԳՍՄ նախարարության փոխնախարարներից մեկին, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Եւս մեկ անգամ համոզվեցի, որ առայժմ միայն հարցի հանրային քննարկումն է, որ կարող է լուծել հարցը»,- գրել է օգտատերը:

Կարճ ժամանակում հրապարակման տակ մեկնաբանություններ թողեցին ինչպես անծանոթ մարդիկ, այնպես էլ երեխաների ծնողները:

Օգտատերերի մի մասը դատապարտեց այս քայլը, մյուսներն էլ հակառակը՝ արդարացրին՝ նշելով, որ «փոխօգնող» միջոցը՝ կապիչները, նախատեսված են հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար, որ նրանք կարողանան նստել եւ չընկնել:

Մեկնաբանություններ գրեցին նաեւ լուսանկարներում պատկերված երեխաների ծնողները, որոնք եւս նշեցին, որ հենաշարժողական խնդիրներ ունենալու պատճառով իրենց երեխային աթոռի վրա պահելու միակ միջոցը կապելն է: Ծնողներից մի քանիսը մեղադրեցին լուսանկարներ հրապարակողին՝ իրենց երեխաների լուսանկարներն առանց թույլտվության համացանցում տեղադրելու համար, չնայած, որ երեխաների դեմքը փակված է:

Փորձեցինք կապ հաստատել թիվ 92 մանկապարտեզի տնօրենի հետ, սակայն մեր զանգին պատասխանող աշխատակիցը միանգամից արձագանքեց՝ լուսանկարների հետ կապվա՞ծ եք զանգահարել, դա ապատեղեկատվություն է եւ հեռախոսն անջատեց: Մեր հաջորդ զանգերը մնացին անպատասխան:

Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանը, սակայն, այլ լրատվամիջոցների հետ զրույցում հետո պարզաբանել է, որ դրանք աթոռներ են՝ նախատեսված քայլելու խնդիրներ ունեցող երեխաների համար, որպեսզի փոքրիկները ճիշտ նստեն: Տնօրենը նշել է, որ իրենց դրանք տրամադրել են «Արբես» բժշկական կենտրոնից:

armtimes.com

Ավելին
Back to top button
Close