ՄիջազգայինՆորություններ

Էրդողանը Twitter-ում պատասխանել է Թրամփին

Սիրիայում հրադադարի վերաբերյալ Անկարայի ու Վաշինգտոնի ձեռք բերած համաձայնությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Թուրքիա մեկնած ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ թուրքական կողմի հետ տեղի ունեցած բանակցությունների ավարտից հետո Թրամփը Twitter-ում գրել էր. «Հրաշալի լուրեր Թուրքիայից: Շուտով Փենսն ու Պոմպեոն մամուլի ասուլիս կտան: Շնորհակալություն Էրդողանին: Միլիոնավոր կյանքեր կփրկվեն»:

Այս գրառմանը հաջորդել է Էրդողանի պատասխան գրառումը. «Հարգելի՛ նախագահ, ավելի շատ կյանքեր կփրկվեն, երբ հաղթենք մարդկության հիմնական թշնամի ահաբեկչությանը: Վստահ եմ, որ այս համատեղ ջանքերը կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին Անկարայում տեղի ունեցած թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի Թուրքիան 120 ժամով դադարեցնելու է ռազմական գործողությունները Սիրիայում, որի ընթացքում քրդական զինված ուժերը դուրս են գալու 30 կմ խորությամբ նախանշված անվտանգության գոտուց:

Աղբյուր`    Ermenihaber.am
Ավելին
Back to top button
Close