Նորություններ

Արագածոտնի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Կրպեյանը «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, քննչական խումբը:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մահացած Մ. Կրպեյանը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրն էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Shamshyan.com

 

Ավելին
Back to top button
Close