Նորություններ

«Այդ մարդու վրա աշխատել են ամիսներ շարունակ և նրա մոտ խաթարել են իրական իրավիճակի պատկերը». քաղաքագետը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների մասին

Վիտալի Բալասանյանի հայտարարությունների, Արցախի կարգավիճակի մասին ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի հետ:

-Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը վերջին ասուլիսում ՀՀ իշխանություններին դարձյալ մեղադրեց Արցախը հանձնելու ծրագիր ունենալու մեջ: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունները:

-Այդ հայտարարությունը ես ընդհանուր կոնտեքստում եմ նայում: Վերջին մեկ տարվա ընթացքում նման թեզեր առաջ են քաշվել ոչ միայն Վիտալի Բալասանյանի կողմից, կան որոշակի շրջանակներ Հայաստանում, ովքեր անընդհատ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գիծն է առաջ տանում, Ալիևի հետ պայմանավորվածություններ ունի, վերելակային բանակցություն է վարում, հողեր են հանձնում և այլն: Այդ շրջանակներն անընդհատ թմբկահարում են նման կարգի կեղծիքներ՝ խաղալով մարդկանց նուրբ լարերի վրա, քանի որ բոլորը գիտեն, որ Ղարաբաղը ՀՀ անվտանգության ողնաշարն է:

Ուզում են մարդկանց մոտ որոշակի վախեր առաջացնել, անտիպատիա ձևավորել: Հարցն այստեղ հետևյալն է՝ այն, ինչ որ ասվում է այդ շրջանակների կողմից մեկ տարի շարունակ, կարող ենք հասկանալ՝ ինչու է ասվում և այլն, բայց ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը սա ասում, այստեղ է խնդիրը: Ես որքան հասկանում եմ, Վիտալի Բալասանյանն անկեղծ է ասում, այսինքն՝ հավատացած է դրանում: Այստեղ մոտիվն է շատ կարևոր՝ ինչ մոտիվով է նա ասում: Եթե ինչ-որ շահ ունի, դա մի այլ հարց է, այն շրջանակները, որ Հայաստանում խոսում են, այդպիսի շահեր ունեն, բայց Վիտալի Բալասանյանը, երբ նման կարգի հայտարարություններ է անում, ըստ էության, մենք գործ ունենք արդեն գաղափարական դաշտում ձևավորված այնպիսի համոզմունքների հետ, որոնք այդ մարդու մոտ խաթարել են իրական իրավիճակի պատկերը: Կա որոշակի ազդեցություն այդ մարդու վրա, որը ձևավորել է որոշակի համոզմունք, և նա գտնում է, որ ներկայիս կառավարողները դավաճանական գործարքի մեջ են: ՀՀԿ-ն երբ իշխանությունը չէր ուզում թողնել, անվտանգության խնդիրն էր շահարկում: Խնդիրը հենց այն է, որ Վիտալի Բալասանյանն է նույն բանը ասում ու հավատացած է իր ասածի մեջ: Սա արդեն լուրջ ազդեցության խնդիր է, այդ մարդու վրա աշխատել են ամիսներ շարունակ և իր ուղեղն իսկապես լվացել են, այլ բան հնարավոր չէ ասել: Կան որոշակի շրջանակներ, որոնք իսկապես կարողանում են ազդել նման կարկառուն ռազմաքաղաքական գործչի վրա և կարողանում են հավատացնել այնպիսի հիմարությունների մեջ, որ նույնիսկ նախկինները չէին կարող իրենց նման բան թույլ տալ: Ներկա իրավիճակում հարց է առաջանում՝ ինչի՞ց ելնելով է Վիտալի Բալասանյանի մոտ նման համոզմունք ձևավորվել: Այդ հարցի պատասխանն ինքը չի տալիս:

-Արդյո՞ք վտանգավոր չեն նման հայտարարությունները:

-Շատ վտանգավոր են, հատկապես, երբ նման կարգի մարդիկ են ասում այդպիսի բաներ: Չէ՞ որ որոշակի կերպար է ձևավորված հերոսի հանդեպ, ռազմական գործչի հանդեպ, բայց ռազմական գործիչը մտնում է քաղաքական դաշտ և անում է քաղաքական հայտարարություններ՝ չհասկանալով դրա հետևանքները: Դա իր դաշտը չէ, և չպիտի նա այդպիսի բան ասի: Ուրիշ բան, եթե ասվի, որ ընդհանրապես, եթե ինչ-որ մեկը կփորձի Ղարաբաղի տարածքները հանձնել, վաճառել, սակարկել, դա կարելի է հասկանալ, որ այդ մարդն իր վճռականությունն է ցույց տալիս, այսինքն՝ քաղաքական գործիչների նկատմամբ միշտ զսպաշապիկ դառնա, բայց այստեղ դա չենք տեսնում, Վիտալի Բալասանյանն արդեն անցել է քաղաքական գործունեության: Լինելով նախագահի թեկնածու՝ մտել է այնպիսի պայքարի մեջ, այնպիսի թեզեր է որդեգրել, որոնք հարիր չեն, և ոչնչացնում է սեփական ռազմաքաղաքական անցյալը:

-Որն է Ձեր կարծիքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված:

-Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված խառնաշփոթ է ստեղծվել արդեն 30 տարի: Աննորմալ վիճակը, որ ստեղծվել է ԼՂ-ի շուրջ Հայաստանի դիրքորոշման պարագայում, փաստի առաջ է կանգնեցնում բոլորին: 30 տարի առաջ կատարվել են հանցագործություններ, ինչ-որ առումով սխալներ և այլն, հիմա մենք դրա հետևանքներն ենք կրում:

Այսինքն՝ խոսքը ԽՍՀՄ փլուզման և 15 հանրապետությունների ձևավորման ժամանակվա, ԱՊՀ կառույցի ձևավորման, Եվրոպայի անվտանգության համագործակցության խորհուրդ ՀՀ-ի մուտքի, հետո ԵԱՀԿ կազմավորման ժամանակաշրջանների մասին է: Այդ ընթացքում կատարվել են այնպիսի գործողություններ ՀՀ-ի կողմից, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը դրել են շատ անհարմար վիճակում: Մեք ունենք հիմա իրավական այնպիսի կազուսներ, անհարթություններ, որոնք քաղաքական պետական գործիչներին բերում են այնպիսի իրավիճակների, որտեղ իրենք էլ չեն հասկանում՝ որ դիրքորոշմամբ կամ քաղաքական գծով շարժվեն:

ՀՀ-ի Անկախության հռչակագիրը միացյալ Հայաստանի մասին է արձանագրում, բայց հանրաքվեն անցկացվել է միայն ՀՀ տարածքում, Սահմանադրության մեջ ընդամենը հղում կա հռչակագրին, բայց վարչատարածքային միավորների և այլնի մասին է խոսվում, նաև առանձնացված է ՀՀ օրենսդրություն և այլն: Այս խառնաշփոթը ստեղծվել է 30 տարի առաջ, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել, ու մենք հիմա դրա պտուղներն ենք քաղում։ Ներկա կառավարությունը պիտի քաղաքական հստակ գիծ ունենա այդ հարցում, չկա այդ գիծը: Սա անընդհատ բումերանգի նման հետ է գալու և հարվածելու է կառավարողներին, որովհետև միշտ թերագնահատվել է իրավականը, բոլորը ասել են՝ ռեալ պոլիտիկը այլ բան է պահանջում, ու հիմա իրավունքը վրեժ է լուծում: Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսը շարունակվելու է և անընդհատ մարդկանց թյուրիմացության առաջ է կանգնեցնելու, լարվածության մեջ է պահելու, որովհետև իրավական հստակություն է պահանջվում:

-Ա՞յս կառավարությունը պետք է իրավական հստակություն մտցնի:

-Անպայման, օրենսդիր և գործադիր մարմիններն ի վերջո պետք է կարողանան հստակություն մտցնել այդ հարցում: ՀՀ վարչատարածքային բաժանումը եթե վերցնեք, ՀՀ օրենսդրության մեջ Սյունիքի մարզը արևելքից սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետությանը, և սա գրված է Հայաստանի օրենքներում: Դա օրենսդիր և գործադիր մարմինների պետական քաղաքական գիծ և պետական քաղաքականություն իրականացնելու խնդիր է, ինչը առանց հայեցակարգի, առանց ռազմավարության չի կարող իրագործվել: Իրականությունն իրավունքի ձևակերպման մեջ է:

Հերմինե Ղարիբյան

Back to top button