Նորություններ

Սա քաղաքական խայտառակ հետապնդում է պետական ռեսուրսների օգտագործմամբ. Երվանդ Վարոսյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է ՍԴ նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով, և հոկտեմբերի սկզբին դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ դրան:

Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել իշխանությունը յուրացնելու հոդվածով:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս ամենին՝ փաստաբան Երվանդ Վարոսյանն ընդգծեց.

«Սահմանադրական դատարանի հետ կապված չկա տեսական երևակայական որևէ  զարգացում, որ ժամանակակից Հայաստանում սպասելի չլինի: Ամեն  ինչ սպասելի է»:

Վարոսյանի խոսքերով՝ պետք է նայել իրադարձությունների զարգացմանը. «Ինչ-որ քայլ կամ հաջողվում է, կամ չի հաջողվում, սրան հետևում է հաջորդ քայլը, որը հաջողվում է կամ չի հաջողվում, և այսպես շարունակ: Հիմա ես հարց եմ տալիս՝ հաղորդագրության բովանդակության մեջ եղած խնդիրն արծարծվում էր վաղուց, մեկ տարի ու կես առաջ ՀՔԾ-ն ինչո՞ւ գործ չհարուցեց: Ինչո՞ւ էին սպասում, որ ՍԴ-ն ընդունելու է վարույթ կարգապահական պատասխանատվության  ենթարկելու հարցը, թե ոչ: Ամեն ինչ ակնհայտ է,  իրենց քայլերը ոչ հաշվարկված են և փնթի, և այստեղ մեկնաբանելու բան չկա: Իշխանական պատգամավորների հայտարարությունները նայեք, մեկնաբանելու տեղ չեն թողնում»:

Վարոսյանի խոսքերով՝ տեղի ունեցողը իշխանության ուզուրպացում է:

Հարցին, թե արդյոք տեղի ունեցողն իրավական գործընթաց չէ, Վարոսյանն արձագանքեց.

«Կարելի է այդ բառն ասել ու խաբել հանրությանը, եթե հանրությանը դա դուր կգա: Տեսան՝ ՍԴ-ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու օրենքի նախագիծը,  սկսեցին ինչ-որ իրավական գործընթաց»:

Անդրադառնալով հաղորդման բովանդակությանը՝ բանախոսը նշեց, որ դա ընդհանուր շղթայի մեկ մասնիկն է.

«Սա քաղաքական խայտառակ հետապնդում է պետական ռեսուրսների օգտագործմամբ»:

Հերմինե Ղարիբյան

Ավելին
Back to top button
Close