Նորություններ

Ազգային ժողովի դերակատարությունը նսեմացվեց. սահմանադրագետը՝ ՍԴ որոշման մասին

«Այն ժամանակ էլ, երբ ԱԺ-ն դիմել էր Սահմանադրական դատարան, ես ասում էի, որ դա 94 էջի վրա գրված ազատ թեմայով շարադրություն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ վարույթ չընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը:

Ըստ սահմանադրագետի՝ ՍԴ-ի որոշումը կանխատեսելի էր, որովհետև ներկայացված ոչ մի հիմնավորում լուրջ չէր.

«Այն հիմնական հիմնավորումը, որ կար, դա անտեսեցին, ինչ-որ անհիմն կենցաղային հիմնավորումներով դիմեցին»:
Այվազյանի խոսքերով՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմնավորումն այն կարող էր լինել, որ վերջինս, լինելով Սահմանադրական հանձնաժողովի անդամ, Սահմանադրության հիմնական դրույթների հեղինակ, քարոզեց, որ վեց տարով պետք է լինի ՍԴ նախագահի լիազորությունների ժամկետը, որպեսզի լճացում չլինի, իսկ դատավորների լիազորությունների ժամկետը 12 տարի՝ առանց վերընտրվելու, վերանշանակվելու իրավունքի։

«Մինչդեռ իր համար արհեստականորեն նենգափոխելով Սահմանադրությունը՝ դարձրեց այնպես, որ ինքը լինի անփոփոխ մինչև 2035 թվականը: Սա է ամենամեծ խախտումը, որը, չգիտես ինչու, Ազգային ժողովն անտեսեց, և ինչ-որ կենցաղային հիմքերով դիմեց, իսկ դրանք իրավական կատեգորիաներ չեն: Հրայր Թովմասյանի կողմից Սահմանադրություն էր նենգափոխվել և անտեսվել»:

Երկրորդ խնդիրը, ըստ սահմանադրագետի, այն է, որ ամբողջ մեր երկրի զարգացման գործընթացը կապակցեցին  Սահմանադրական դատարանի կամքին.

«Սահմանադրության փոփոխման ցանկացած նախաձեռնություն առանց ՍԴ-ի համաձայնության չի կարող լինել, իսկ սա անհեթեթ է: ՍԴ-ն որոշում է Սահմանադրության սահմանադրականությունը: Սահմանադրության ամենաբարձր ակտը ժողովրդի կամքով է որոշվում, իսկ ՍԴ-ն պետք է որոշի օրենքների և ենթաօրենսդրական ակտերի սահմանադրականությունը: Այսօր սահմանադրական փոփոխությունների ցանկացած նախաձեռնություն, որը Հրայր Թովմասյանի կամ գործող Սահմանադրական դատարանի սրտով չլինի, նրանք պարզապես դեմ են քվեարկելու, և այդ նախագիծը սառելու է, այսինքն՝ մինչև իրենք չուզենան, սահմանադրական որևէ փոփոխություն չի կարող կատարվել այս երկրում, սա նույնպես նենգափոխում էր, որ ամբողջ ժողովրդի բարձրագույն կամքը ածանցեց ՍԴ-ի կամքին»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԺ-ն երկրորդ անգամ կդիմի Սահմանադրական դատարան այլ հիմքերով, սահմանադրագետն արձագանքեց.

«Էլ երկրորդ անգամ դիմի, չդիմի, արդեն Ազգային ժողովի դերակատարությունը նսեմացվեց, անգամ քննարկում չեղավ, գտան, որ այնքան անհեթեթ դիմում է, որ անիմաստ է դրա քննարկումը»:

Հերմինե Ղարիբյան

Back to top button
Close