Նորություններ

«Քաղաքացի Հրայր Թովմասյանը մոլորության մեջ է, նա արդեն իսկ ՍԴ նախագահ չէ՝ իր իսկ հեղինակած Սահմանադրության պահանջներին համապատասխան». Նինա Կարապետյանց

Հարցազրույց իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ:

ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել Ազգային ժողովի ներկայացրած դիմումը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով այսօր ՍԴ կազմը:

-Ես ափսոսում եմ այն ժամանակը, որ ԱԺ-ն ծախսեց մոտ 70 էջանոց նյութ կազմելու վրա, ափսոսում եմ այն ժամանակը, որ վատնվեց այդ փաստաթուղթը քննարկելու վրա։ Իսկ ամենաշատն ափսոսում եմ, որ ԱԺ-ն իր այս՝ ի սկզբանե մեռելային քայլով  ինչ-որ առումով լեգիտիմացրեց ոչ լեգիտիմ ՍԴ կազմը։
Ստեղծվեց մի աբսուրդային իրավիճակ, երբ բացարձակ լեգիտիմություն ունեցող Աժ-ի որոշումը մերժվեց բացարձակ ոչ լեգիտիմ կազմով կառույցի կողմից, և իշխանության մեջ կան մարդիկ, ում համար ՍԴ-ի որոշումը դեռ «անսպասելի էր»։ Քաղաքական գործիչները պետք է կարողանան կանխատեսել անգամ աներևակայելին և միջոցներ ձեռնարկեն ոչ ցանկալի հետևանքները կանխելու համար, իսկ տեղի ունեցածն ավելի քան կանխատեսելի էր։

Տիկին Կարապետյանց,  Դուք խնդրի լուծման ի՞նչ տարբերակ եք տեսնում,  և ըստ Ձեզ՝ ո՞րն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը:

-Ցանկացած խնդիր ունի մի քանի լուծում։ ԱԺ-ի կողմից առաջարկված լուծումն ավելի պատկերավոր լինելու համար. պատկերացրեք՝ հիվանդանոց են բերում սրտի հատվածում կտրող–ծակող գործիքով վնասվածք ունեցող մարդու և վերակենդանացման բաժանմունքում բժիշկներն առաջարկում են վերքի տրամագծով յոդ քսել ու սպասել մինչև կտրող–ծակող գործիքը «ինքնակամ հեռանա», վերքն էլ «ինքնակամ լավանա», դե քանի յոդը ձեռքի տակ է, մի հատ էլ մեջքին յոդով կլետկա անել։ Իսկ ընդդիմախոսներին էլ համոզում են, որ յոդից վնաս չկա։ Իհարկե չկա, խոսքը իրավիճակին համարժեք քայլեր կատարելու մասին է, ոչ թե «յոդի» օգտակարության։ Իրականում ամենաօպտիմալ, օրինական, իրավական  լուծումը հետևյալն էր. ԱԺ պետք է ներկայացվեին ՍԴ դատավորների թեկնածություններ և օր առաջ համալրվեր ՍԴ դատավորների  կազմը։ Ի դեպ, իշխանությունների ևս մեկ անհաջող փորձ էր իրավիճակը շտկելու, երբ առաջարկ արվեց դատավորներին «ինքնակամ» հեռանալ՝ խոստանալով որոշակի երաշխիքներ։ Այս առաջարկը ևս մերժվեց։ Ակնհայտ է, որ ՍԴ անդամներն ամեն գնով չեն ցանկանում «հանձնել իրենց վստահված սահմանի հատվածը»։ Մեծ հաշվով տեղի ունեցածը կարելի է բնութագրել մինչև անգամ որպես դատական իշխանության զավթում։ Եվ այս իրավիճակում չեմ տեսնում լեգիտիմ  իշխանությունների  բավարար կամք և հետևողականություն՝ խնդրին վերջնական, ամբողջական, օրինական, իրավական լուծում  տալու համար։ Դժվարանում եմ կանխատեսել, թե որը կլինի իշխանությունների հաջորդ քայլը։ Առհասարակ կարևորագույն հարցերի շուրջ իշխանությունների քայլերը գրեթե միշտ լինում են պոստֆակտում, ինչը և «մերժվածներին» հնարավորություն է տալիս խոսելու իբրև թե «քաղաքական հետապնդումների» մասին։

Հրայր Թովմասյանը նշում  է, որ ինքը պաշտոնավարելու է մինչև իր լիազորությունների ավարտը, սրանից կարո՞ղ ենք հետևություն անել, որ, այնուամենայնիվ,  նա մտադիր չէ հրաժարական տալ:

-Ես հասկանում եմ Հրայր Թովմասյանի հոգեվիճակը։ Նա հանցավոր ռեժիմի համար կատարել էր «մեծ աշխատանք», որի համար «պարգևատրվել» ՍԴ նախագահի պաշտոնով, և երբ այսօր նրան առաջարկում են «ինքնակամ հեռանալ», մարդը հայտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ և համարում, որ տեղի  ունեցածն «անարդար է»։ Քաղաքացի Հրայր Թովմասյանը մոլորության մեջ է, նա  արդեն իսկ ՍԴ նախագահ չէ՝ իր իսկ հեղինակած Սահմանադրության պահանջներին համապատասխան, հետևաբար վերջինիս կարծիքը ունի նույնքան կարևորություն, որքան ցանկացած այլ ՀՀ քաղաքացու անձնական կարծիք, եթե, իհարկե, շատ պատահական չպարզվի, որ նա էլ ունի այլ երկրի քաղաքացիություն։

Ալինա Սիմոնյան

Back to top button
Close