Նորություններ

«Հրայր Թովմասյանն իր ցանկությամբ երբեք չի լքի այդ պաշտոնը, որովհետև դա իր ողջ կյանքի երազանքն է». Արփի Դավոյան

Սահմանադրական դատարանը երեկ տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելուց առաջ իրենք ինչ-որ առումով տարբեր կասկածներ ունեցել են՝ կապված որոշման արձագանքի հետ:

«Ես ասել եմ ու նորից եմ ասում՝ այդ կառույցի նկատմամբ չկա վստահություն, որովհետև այն լեգիտիմ չէ, և հետևաբար ունենալ վստահություն՝ Սահմանադրական դատարանը վարույթ կընդուներ կամ ընդունելուց հետո կլիներ որոշում, և որը արդար որոշում կլիներ, բավականին կասկածի տակ էր»:

Դիտարկմանը, թե Հրայր Թովմասյանը նշել է, որ կհեռանա ՍԴ-ից, երբ լրանա իր պաշտոնավարման ժամկետը, պատգամավորը պատասխանեց.

«Իր ցանկությամբ նա երբեք չի լքի այդ պաշտոնը, որովհետև դա իր ողջ կյանքի երազանքն է եղել՝ լինել Սահմանադրական դատարանի նախագահ, և նվեր է ստացել, և նա հիմնականում սպասարկել է նախկինների և չի պատրաստվում լքել այդ երազանքների պաշտոնը»:

Արփի Դավոյանն ընդգծում է, որ նախապես չի կարող նշել, թե որն է լինելու ԱԺ-ի հաջորդ քայլը, քանի որ դեռևս քննարկում չի եղել և որոշում չի ընդունվել, սակայն, ըստ պատգամավորի, այս հարցը լուծելու է իրավական ճանապարհով:

«ՍԴ առաջին հերթին պետք է հասկանա, թե իր գործունեությամբ ինքն իրեն ինչպես է վնասում: Երեկ էր անդամներից մեկն ասաց, որ մինչև չհրապարակվի, ոչինչ ասել չի կարող, և եթե մարդիկ մասնակցել են նիստին, որտեղ մերժել են վարույթը, և հիմա այդ մարդուն հարց են տալիս, ով պատասխանում է, որ ոչինչ չի կարող ասել, արդեն բավականին անլուրջ եմ համարում այդ մարդկանց գործունեությունը»:

Back to top button