ՄիջազգայինՆորություններ

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի երկրի հյուսիս

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են առաջխաղացումը դեպի երկրի հյուսիսային հատվածներ։ Զորքերի շարժը դեպի հյուսիս սկսվեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը համաձայնվեց օգնել թուրքական ուժերի դեմ կանգնած քրդական խմբավորումներին։ Սիրիայի կառավարական ուժերն արդեն մուտք են գործել Թուրքիայի սահմանից 3Օ կմ դեպի հարավ ընկած Աին Իսա բնակավայրը։ Գործարքը կնքվեց, երբ քրդերի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ը հայտարարեց Սիրիայի հյուսիսից իր մնացյալ 1ՕՕՕ թվակազմով ուժերին նույնպես հետ քաշելու մասին։ Հիշեցնենք, որ Թուրքիան դեպի Սիրիայի հյուսիսային հատվածներ ներխուժում սկսեց, երբ ԱՄՆ-ը այստեղից դուրս բերեց իր ստորաբաժանումները՝ թուրքական ուժերի դեմ քրդերին թողնելով անպաշտպան։ Անցած մի քանի օրերի ընթացքում այստեղ քուրդ տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել, քուրդ մեծաթիվ զինյալներ։

Երկուշաբթի օրն ավելի ուշ Սիրիայի պետական լրատվամիջոցները հայտնեցին, որ երկրի կառավարական ուժերն առել են նաեւ Թուրքիայի սահմանից 2Օ կմ հեռավորության վրա գտնվող Թալ Թամրը, ինչը, ըստ սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալության, արվել է թուրքական ագրեսիան կանգնեցնելու համար։ Զորքերն այստեղ արժանացել են ջերմ ընդունելության։

Քրդերի, Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ արտակարգ այս գործարքը կնքվեց թուրքական ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելուց 4 օր անց։

Անցկացված համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ասել են, թե Թուրքիան ստեղծում է ՝՝մարդասիրական անտանելի իրավիճակ՛՛։

Մերքելը ԱՄՆ-ի նախագահ Թրամփին ասել է, թե հարկավոր է կանգնեցնել թուրքական ներխուժումը։

Քրդերը հաղորդում են, որ այս իրավիճակում բանտերից փախուստտի են դիմել Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորման հարյուրավոր գերիներ, որոնք պահվում էին իրենց վերահսկողության ներքո։

Քրդերն ասում են, թե խաբված են զգում այն բանից հետո, երբ իրենց գլխավոր դաշնակից Միացյալ Նահանգները դուրս բերեց իր զորքերն այստեղից։ Նրանք կարծում են, որ իրենց անտեսում են նաեւ արաբական աշխարհի մեծ մասն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Ըստ ԱՄՆ-ի նախագահաի, աշխատանքներ են տարվում Կոնգրեսի առաջնորդների, այդ թվում՝ դեմոկրատների հետ միասին, ուժի մեջ մտցնելու համար ՝՝ուժեղ՛՛ տնտեսական պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի։

Ամերիկայի Ձայն

Ավելին
Back to top button
Close