Նորություններ

Գախարիայի այցի ընթացքում հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեսանելի չեն լինի. վրացագետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:

«Գիորգի Գախարիան արդեն երրորդ տարին անընդմեջ գալիս է Հայաստան ու ամեն անգամ տարբեր կարգավիճակներով է լինում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը՝ ընդգծելով, որ այցը ճանաչողական է լինելու.

«Պաշտոնավարումը սկսելուց հետո առիթ չի եղել թե՛ միջազգային հարթակներում, թե՛ ինչ-որ ձևաչափով հանդիպելու ՀՀ վարչապետին»:

Վրացագետի խոսքերով՝ Հայաստանը Վրաստանի համար հիբրիդացվում է որպես բարիդրացիական, ընկերական, եղբայրական հարևան պետություն, և ցանկացած քայլ պիտի միտված լինի այդ հարաբերությունները պահելու, և եթե նույնիսկ խնդիրներ կան, դրանք հնարավորինս հանգիստ և անցնցում լուծելուն»:

Ըստ Մելիքսեթյանի՝ Գախարիայի այցի ընթացքում հայ-վրացական հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեսանելի չեն լինի.

«Եթե վարչապետը կարողանա անձնական լավ հարաբերություններ հաստատել, անշուշտ դրանք դրականորեն կարող են ազդել հարաբերությունների վրա»:

Բանախոսը կարծում է, որ այս հանդիպման ընթացքում պիտի կարևորվի տարածաշրջանում կայուն ու հավասարակշիռ հարաբերություններ պահպանելը և դրանց ուղղված ջանքերը.

«Նաև հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչպիսի ծրագրով է Վրաստանից Հայաստան գալիս Գախարիան, որովհետև երբ որ Բախտաձեն էր Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բախտաձեն ամբիցիոզ ծրագրով է եկել Հայաստան, և փորձում են այնպես անել, որ Վրաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը հասնի մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի: Հետաքրքիր կլինի, թե ինչ մոտեցում կունենա Գիորգի Գախարիան և ինչ կառաջարկի, կամ միգուցե փորձեն շարունակել արդեն եղածը կամ նոր մոտեցումներ կունենան»:

Վրացագետն ընդգծեց նաև, որ առաջիկայում Վրաստանը զբաղված է լինելու ավելի շատ ներքին հարցերով, երկրում կարող է լինել և՛ իշխանափոխություն, և՛ նույն իշխանությունը կարող է մնալ ու շարունակել իր գործունեությունը:

«Նկատի ունեմ, որ արտաքին քաղաքականության հարցում արվում է այն ամենը, ինչ որ ծրագրված է, և չպիտի դրանից լուրջ ակնկալիքների, լուրջ փոփոխությունների ձգտում լինի:

Ինչ վերաբերում է հարցին, որ Գախարիան Ադրբեջանից հետո է գալիս Հայաստան, վրացագետն ասում է.

«Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, դրանում նորություն չկա, բացի այդ, Վրաստան — Ադրբեջան հարաբերություններում կան որոշակի չկարգավորված հարցեր,

որոնք անընդհատ և՛ ներքաղաքական հարցում են ազդում Վրաստանի վրա, և՛ արտաքին քաղաքականության, խոսքը Վրաստան — Ադրբեջան սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին է»:

Բանախոսի խոսքերով՝ Գախարիայի այցը Ադրբեջան շատ կարևոր էր, որ ինչ-որ առումով հանգստանար այդ խնդիրը, և կարողանային գոնե ժամանակավոր լուծում գտնել:

Բանախոսը չի բացառում նաև, որ քննարկվել է կոնֆլիկտների հարցը, բայց շատ կարևոր է, որ այդ հարցը քննարկվի նաև հայկական մոտեցմամբ»:

Հերմինե Ղարիբյան

Ավելին
Back to top button
Close